ԱԱԾ-ն՝ սնունդ, դեղորայք, սննդամթերք հավաքելու նախաձեռնությունների մասին
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ:
Մեծապես կարևորելով մեր հայրենակիցների համանման մղումներն ու նրանց կողմից ցուցաբերվող ակնհայտ հայրենասիրությունը՝ հայտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համացանցում նկատվում են նաև հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ:
Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից, իսկ այդպիսի հարցադրումներ ունեցող անհատներին հորդորում ենք հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին:
Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան