ՊԲ հրամանատարի տեղակալ. Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ
«Այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը շուրջ 500-ից ավելի»,- Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը սեպտեմբերի 28-ի ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կրած կորուստները թվարկեց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
Նա ցավով տեղեկացրեց, որ մարտերի ընթացքում պաշտպանության բանակը նույնպես ունի կորուստներ։
«Թվային տվյալները ճշտվում են, կհրապարկվեն ավելի ուշ՝ պաշտոնական տեղեկատվությամբ»,-մանրամասնեց ՊԲ հրամանատարի տեղակալը՝ ընդգծելով, որ մարտերը շարունակվում են նույն ինտենսիվությամբ։
Ի պատասխան հնչած հարցի, Ա. Սարգսյանը նշեց, որ թուրքական F-16 կործանիչների կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք կան գերի ընկած ադրբեջանցի զինվորականներ, Սարգսյանը նկատեց՝ թույլ տվեք հասկանալի պատճառներով չպատասխանել։ Ինչ վերաբերում է գերի ընկած հայ զինվորների առկայության մասին հարցին, Սարգսյանն ասաց, ստույգ տվյալներ կհրապարակվեն։
Գերիների կամ զոհերի թվում սիրիացի զինյալների առկայության մասին հարցին ի պատասխան, Սարգսյանն ասաց՝ պատրաստվում է մեծ տեղեկատվություն, կհրապարկվեն դրան՝ հիմնավորված կոնկրետ փաստերով։