Արցախում այս պահին որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք. Գրիգորի Մարտիրոսյան
Արցախում և պատսպարված, և տարհանված քաղաքացիները կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում են, նրանց բոլոր խնդիրները լուծվում են։ Ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով և սննդամթերքով։ Գ. Մարտիրոսյանի խոսքով, տարհանված բնակչությունը տեղավորվել է Արցախի այլ շրջաններում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը։ Ըստ նրա, այս պահին 1500 բնակչի հաշվով պարենային փաթեթ է պատրաստված, աշխատանքները շարունակվում են, ըստ կարիքների կապահովվեն։
«Մենք պարենային առումով ապահովված ենք բոլոր անհրաժեշտ ապրանքներով, տարբեր ապրանքների դեպքում ծավալները կազմում են մի քանի շաբաթից մինչև ամիսներ։ Որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք այս պահին»,- ընդգծեց նա։
Պետական նախարարն ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող են գործարկել հանրապետական պետական պահուստը, որը պարունակում է պարենային, ոչ պարենային ապրանքների ցանկը։
Նրա խոսքով, ռազմական գործողությունների մեկնարկը վնասներ է հասցրել ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ ընդհանուր տնտեսությանը, այս պահին իրականացնում են վնասների գնահատում։
Գ.Մարտիրոսյանի խոսքով, վնասվել են հիմնականում քաղաքացիական օբյեկտներ՝ բնակավայրեր, բնակելի տներ, ենթակառուցվածքային տարբեր օբյեկտներ, գծեր, գազատարներ, տրանսպորտային օբյեկտներ։
«Այդ բոլոր վնասերի գույքագրումից բացի, անցել ենք անմիջապես վնասների վերականգնման աշխատանքներին։ Առաջնահերթ, բնական է, վերաբերում է ենթակառուցվածքներին։ Հիմնականում վերականգնել ենք էլեկտրաէներգամատակարարումն ամբողջ հանրապետության տարածքով, գազամատակարարման խնդիրների լուծումն ընթացքի մեջ է, աստիճանաբար վթարները վերացվում են։ Առավել մեծ վնաս հասցվել է կապի ոլորտին։ Այս հարձակումից բացի եղել է հարձակում այս ոլորտում, բայց մեր ու հրավիրված մասնագետների ջանքերով կապի ոլորտը վերականգնվում է։
Բջջային կապը հիմնականում աշխատում է, ինտերենտի հասանելիությունը նույնպես վերականգնվում է։ Աշխատանքները շարունակական են։ Հեռուստատեսությունը, Հանրային ռադիոն հասանելի է ողջ Հանրապետության տարածքով»,- ասաց Գ.Մարտիրոսյանը։
Նա շնորհակալություն հայտնեց այն հայրենակիցներին, որոնք այս օրերին ֆինանսական, առարկայական աջակցության պատրաստակամությամբ հանդես են գալիս։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ հրամանատարի տեղակալ. Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ
- Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր
- ԱԱԾ. Արցախում ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան համարներից
- Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվել է 9-ամյա երեխա
- Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե
- Արցախում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին
- Արցախում հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում լրացուցիչ աշխատուժի կարիք կա
- Մելիք-Շահնազարյան. Մեր տղաները մեխ են խփում նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին՝ առանց մեզ կարող են քարտեզ գծել Արցախում
- Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ
- Արցախում Ադրբեջանի կրակից սպանված խաղաղ բնակիչները տատ ու թոռ են. նախագահի խոսնակ