ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները
Այսօր Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում, տեղի ունեցավ հատուկ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ՝ ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ-ից՝ հատուկ նիստին մասնակցել են ԵԱՀԿ բոլոր 57 երկրների ներկայացուցիչները։
Բացելով նիստը՝ Մշտական խորհրդի նախագահ, դեսպան Իգլի Հասանին վերահաստատել է Նախագահության տագնապը՝ ընթացիկ բախումների և իրավիճակի վատթարացման վերաբերյալ:
Մտահոգված զոհերի թվի աճից՝ նա կրկնել է ԵԱՀԿ Նախագահության կոչը՝ անհապաղ ապաէսկալացիայի մասին և ցավակցել զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին:
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը Մշտական խորհրդին ասել է, որ տեղեկատվություն է ստանում ուղիղ տեղերից ու նաև բարձր մակարդակի զրուցակիցներից։ Դեսպան Կասպրշիկը նշել է, որ ինքը մշտական շփման մեջ է կողմերի հետ և հավելել, որ իր թիմը պատրաստ է իրավիճակի թույլ տալուն պես վերսկսել մոնիտորինգը տեղում:
Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կրկնել են համանախագահների կոչը բոլոր կողմերին՝ անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը կայուն լուծում գտնելու համար:
Ալբանիայի ԵԱՀԿ նախագահությունը կրկնել է բանակցային լուծման կարևորությունը և իր աջակցությունը հայտնել Մինսկի խմբի համանախագահների և դեսպան Կասպրշիկի աշխատանքին՝ տեղում իրավիճակը կայունացնելու ջանքերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան