ԶԼՄ-ները Հեյդար Ալիևի հոգին են կանչել՝ իմանալու Ադրբեջանի զոհերի թիվը
Այսօր Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի երրորդ օրն է։ Ադրբեջանն այսօր արդեն սկսել է հարվածներ հասցրել Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:
Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան պլանավորվել է բոլոր ոլորտներով՝ այդ թվում նաև տեղեկատվական, որի վկայությունն էր այն, որ Արցախում ռազմական ագրեսիայից րոպեներ անց արդեն թուրքական ԶԼՄ-ներն ուղիղ եթերներ էին տալիս առանջնագծից։
Ադրբեջանն իր բնակչությանը գրեթե ամբողջությամբ տեղեկատվական բլոկադայի մեջ է պահում՝ չկա ինտերնետ, չեն աշխատում սոցցանցերը, բաց էր միայն թվիթերը՝ սեփական պրոպագանդան տարածելու համար, որն այսօր արդեն ևս սահմանափակված է։
Ադրբեջանը չի թույլ տալիս օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչներին գալ երկիր ու լուսաբանել այն, ինչ անում է ինքը, այլ միայն թույլատրում է իրեն հավատարիմ մեծ եղբոր՝ Թուրքիայի ԶԼՄ-ներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, չի հայտնում իր զոհերի ու կորուստների մասին, բնականաբար, սեփական ժողովրդի ցասումի դեմ առնելու ու դիկտատուրան շարունակելու համար, այնինչ հայկական կողմի պաշտոնական տվյալներով, այն ունի հարյուրավոր զոհեր ու զինտեխնիկայի կորուստ։
Այս բացը լրացնելու համար է, երևի, որ կայքերը որոշել են կանչել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հոգին (մահացել է 2003թ․-ին), ու տեղեկանալ Ադրբեջանի զոհերի մասին։
Ահա «Рен ТВ» իր թվիթերում ժամեր առաջ գրել էր, որ «Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից կրակի պատճառով սպանվել են 10 խաղաղ բնակիչներ»։ Սա էլ բավական չէր, նյութն էլ տարածել են Հեյդար Ալիևի ու կոտրված ապակու նկարի կոլաժով, ուղղակի հրաշք։