«Նոր Զովք»-ը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Տեղեկացնում են ցանցից։
«Ընդգծենք նաև, որ այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:
Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից:
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության և ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքի զինվորների ծնողներին, հարազատներին և ողջ անձնակազմի անունից վստահեցնում ենք, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն հիշելու և հավերժ փառաբանելու են հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը:Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք»,-նշված է հաղորդագրության մեջ, որը եզրափակվում է օրերիս թրենդային #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ հեշթեգով։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Խաղաղ բնակչության շրջանում արդեն հաղորդվել է 7 զոհի մասին: Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմն ունի զոհեր զինծառայողների շրջանում։ Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը: