Գիորգի Գախարիա․ Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում հյուրընկալել հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատման արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ թվով զոհեր և, ցավոք, մինչ այժմ հնարավոր չէ ռազմական գործողությունների դադարեցում և երկխոսության վերսկսում:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:
Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին, առավելագույնս օգտվել իրենց հնարավորություններից, էսկալացիայի դադարեցման և երկխոսությունը վերսկսելու համար:
Ինչպես գիտեք, մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների ՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ:
Պատմականորեն, Վրաստանում բնակվող մեր ադրբեջանցի և հայ քաղաքացիները միշտ մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ներուժ ունեն ամբողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և զարգացման տարածք:
Մեր ընդհանուր շահն է, հնարավորինս արագ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վրաստանը պատրաստ է աջակցել այս գործընթացին ամեն կերպ, այդ թվում` Թբիլիսիում հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալել՝ երկխոսություն վարելու նպատակով»,- ասում է Գիորգի Գախարիան, որը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան