Ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել ռազմական եղանակով. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ
Միջազգային հանրությունը շարունակում է կոչ անել ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցնել կրակը:
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի կարծիքով այս պահին դժվար է պատկերացնել Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունն առանց արտաքին ուժերի քաղաքական և դիվանագիտական ներգրավվածության: Միջազգային հանրության կոչերից զատ անհրաժեշտ են հավելյալ դիվանագիտական ջանքեր և քայլեր՝ կողմերին ստիպելու դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ՝ խնդիրը ոչ թե զենքով, այլ խոսքով կարգավորելու համար, իսկ արտաքին ուժերի ռազմական միջամտությունն, ըստ նրա, միայն կբարդացնի իրադրությունը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Այս բախումները որևէ հաջողության չեն հանգեցնի: Դա նախկինում արձանագրել են նաև հակամարտության կողմերի ղեկավարները: Այս խնդիրը չի կարող լուծվել ռազմական եղանակով»,- ասում է Քավանոն:
Նա ընդգծում ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի ուղերձների կարևորությունն ընդդեմ ղարաբաղյան հակամարտության ռազմական գործողություններում արտաքին ուժերի ներգրավմանը: Այս ուղերձները կարող են հակազդել Անկարայից հնչող որոշ ուղերձներին, որոնք գտնում են, որ եկել է խնդիրը ռազմական եղանակով կարգավորելու ժամանակը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդն առանձնացնում է տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը: Նրա կարծիքով հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Ռուսաստանն ունի ոչ միանշանակ և բարդ մոտեցում:
«Ռուսաստանն, իհարկե, չի ցանկանում լայնածավալ պատերազմ տարածաշրջանում, ուստի կոչ է անում զինադադարի: Միևնույն ժամանակ, իմ համանախագահության օրերին օրինակ, ես չէի զգում, որ այն ցանկանում է տեսնել ղարաբաղյան խնդիրը լիովին կարգավորված»,- ասում է դեսպան Հոգլանդը:
Ռիչարդ Հոգլանդը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության վերջին լարվածության աճը, սակայն, կապված է Մոսկվայի և Անկարայի միջև բարդ հարաբերությունների հետ, որոնք պայմանավորված են Սիրիայի և Լիբիայի հարցերով: Զինադադարի հաստատման հարցը որոշում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները: Անհրաժեշտ է դադարեցնել ուժի կիրառումը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, հակառակ դեպքում մենք ականատես կլինենք արյունահեղության շարունակմանը,- գտնում է Հոգլանդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան