Մնացականյաը և Լավրովը անընդունելի են գնահատել արտատարածաշրջանային երկրների քայլերը տարածաշրջանում
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները:
Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Նախարար Մնացականյանը նաև մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ:
Երկուստեք անընդունելի գնահատվեց արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Խաղաղ բնակչության շրջանում արդեն հաղորդվել է 7 զոհի մասին: Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմն ունի զոհեր զինծառայողների շրջանում։ Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան