Փաշինյան. Հայաստանը դիտարկում է ԼՂ անկախության ճանաչման հնարավորությունը
Հայաստանը դիտարկում է ԼՂ անկախության ճանաչման հնարավորությունը։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հարցազրույց է տվել մի խումբ ռուսաստանյան լրատվամիջոցների, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին:
«Մեր օրակարգում կա նման տարբերակ (Արցախի անկախության ճանաչում-խմբ.)։ Կա նաև Հայաստանի ու Ղարաբաղի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրման տարբերակը, կա նաև անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագրի կնքում»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով, բոլոր տարբերակները քննարկվում են, իսկ որոշումը կախված կլինի մի քանի հանգամանքներից։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի սկզբին Երևանում։
«Մենք պատրաստ ենք ընդունել նիստը Հայաստանում, ոչինչ չի փոխվել»,- ասաց նա։
Նշենք, որ կառավարության փոխանցմամբ, հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվական գործակալությունների, «Коммерсантъ» պարբերականի հայաստանյան թղթակիցները:
Վարչապետը պատասխանել է ռուսաստանյան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային, ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությանը և Հայաստանի նկատմամբ սադրիչ գործողություններին, միջազգային հանրության և գործընկեր կառույցների հետ հաղորդակցությանը և այլ թեմաների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան