Խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակումները ռազմական հանցագործություններ են․ Human Rights Watch
Լեռնային Ղարաբաղի շուրջ մարտնչող բոլոր զինված ուժերը պետք է ցանկացած պահի տարբերակեն մարտիկներին խաղաղ բնակիչներից՝ միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն։ Բոլոր կողմերը պետք է հարգեն քաղաքացիական անձանց թիրախավորելու կամ քաղաքացիական անձանց վնաս պատճառող հարձակումներ իրականացնելու բացարձակ արգելքը։ Այսօր հայտարարություն է տարածել Human Rights Watch-ը:
«Բոլոր կողմերը պետք է հիշեն, որ խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ են և ռազմական հանցագործություններ են։ Սա այդպես է, նույնիսկ եթե դրանք իրականացվում են որպես վրեժխնդրություն՝ հակառակորդի կողմից անխնա հարձակումների համար», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
Նշվում է, որ բազմաթիվ հաղորդումներ կան ռազմական և քաղաքացիական անձանց զոհերի մասին, բայց այդ զեկույցները հնարավոր չէ ինքնուրույն ստուգել:
«Ադրբեջանը հայտնում է 10 խաղաղ բնակչի մահվան և 30 խաղաղ բնակչի վիրավորվելու մասին, բայց չի հայտնում տեղեկություններ ռազմական զոհերի մասին: Լեռնային Ղարաբաղի փաստացի պաշտպանական գերատեսչությունները հայտնում են, որ զոհվել է առնվազն 80 զինծառայող և 5 խաղաղ բնակիչ, վիրավորվել է մոտ 30 քաղաքացիական անձ»,-ասվում է HRW-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել, որը շարունակվում է մինչ օրս։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան