ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարությունը․ Առանց նախապայմանների հրատապ վերսկսել երկխոսությունը
Սեպտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որն իր վերջնական հայտարարության մեջ կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների:
«Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գիծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդումներից։ Նրանք խստորեն դատապարտում են ուժի կիրառումն ու ցավում են կյանքերի կորստի, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում թվի աճի համար։
Անվտանգության խորհրդի անդամներն իրենց աջակցությունն են հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների:
ԱԽ անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու հորդորել կողմերին աշխատել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության հրատապ վերսկսման համար»,- ասվում է ՄԱԿ ԱԽ հայտարարության մեջ։
Նշենք, որ ՄԱԿ ԱԽ հատուկ նիստի անցկացման համար դիմել էին Էստոնիան, Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան։
Էստոնիայի դեսպան Յուրգենսոնն նաև հիշեցրել է, որ «արտաքին կողմերից հակամարտության անուղղակի մասնակցությունն անընդունելի է և հետագայում սրում է լարվածությունը տարածաշրջանում:
«Լեռնային Ղարաբաղը, այսպես կոչված, սառեցված հակամարտություն է, որը շատերից մեկն է Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայի տարածքներում: Սառեցված հակամարտությունները պատանդ են պահում Եվրոպայի շատ շրջանների և երկրների Եվրոպայում: Արդյունքը միլիոնավոր մարդկանց տնտեսական և այլ դժվարություններն են: Միջազգային հանրության պարտքն է աջակցել և խրախուսել լուծումներ բերող իմաստալից բանակցությունները»,- ասել է Էստոնիայի դեսպանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան