Փարիզի երկինքը Արցախի գույներով․ բողոքի ցույցեր Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ողջ աշխարհում հայերը մոբիլիզացվում են։
Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) սեպտեմբերի 29-ին կազմակերպել էր բողոքի ցույցեր Լիոնում, Մարսելում և Փարիզում, որտեղ ավելի քան հազար ցուցարարներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանատան մոտ:
CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանն իր խոսքում ամուր աջակցությունն հայտնեց բանակին՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ագրեսիան, որոնց՝ Հայաստանը գրավման փորձը պանթուրքիզմի ժառանգությունն է:
Նա վճռականորեն պահանջեց միջազգային հանրության արագ միջամտությունը և, մասնավորապես, Ֆրանսիայի աջակցությունը, այն պայմաններում, երբ չորեքշաբթի օրը տեղի էր ունենում ՄԱԿ-ի ԱԽ նստաշրջանը և այս հինգշաբթի օրը`Թուրքիային նվիրված եվրոպական գագաթնաժողովը:
Բողոքի ակցիային մասնակցում էին նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ։ Սենատոր Վալերի Բուայեն նույնպես կոչ արեց դադարեցնել ադրբեջանական քարոզչությունը և սատարեց Արցախի ինքնորոշմանը:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Թեյսյերը իրավիճակը սկանդալային համարեց՝ ասելով, որ Մինսկի խումբը չի կատարում իր գործը: Նա շեշտեց, որ Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի անդամ է, շարունակում է ինտերվենցիաներ անել իր սահմաններից դուրս։
Պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, ով ելույթ ունեցավ Ազգային ժողովում `խնդրելով կառավարությանը միջամտել, կանխատեսում է, որ պատերազմը շահելու են հայերը, քանի որ դա է արդար: Նա նաև կոչ արեց ճանաչել Արցախը:
Ալֆորթվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը հիշեց, որ կիրակի օրվանից ի վեր՝ ի աջակցություն Արցախի, քաղաքապետարանի շենքին ծածանվում է Հայաստանի դրոշը: Նա նաև խնդրեց Ֆրանսիային ճանաչել փոքր հանրապետությունը։
Nouvelles d’Armenie-ի հաղորդմամբ, ներկա էր նաև քրդական պատվիրակություն՝ Բերիվան Ֆիրատի գլխավորությամբ, որը եզրափակեց ելույթները՝ հաստատելով իր բարեկամությունն ու համերաշխությունը:
Հանրահավաքը շարունակվեց մեկ ժամից մի փոքր ավելի երկար՝ «Ղարաբաղը մերն է» և «Միություն, պայքար, հաղթանակ» բացականչություններով, երբ երկնիք բարձրացան Արցախի գույներով ճայթուկները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան