Մակրոնը պլանավորում է Պուտինի ու Թրամփի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղիները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը Լատվիա կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում:
«Այս խնդրով զբաղվում է միջնորդների միջազգային իրավասու խումբը՝ Մինսկի խումբը, որի մեջ մտնում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Հակամարտության սրման առաջին ժամերից մենք մեր գործընկերների հետ կապի մեջ ենք և արտգործնախարարների և իմ մակարդակով: Այս երեկո ես նախատեսում եմ այս թեմայով խոսել Նախագահ Պուտինի հետ, և, կարծում եմ, վաղը` նախագահ Թրամփի հետ, որպեսզի կարծիքներ փոխանակենք և ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ առաջարկենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը կարծում է, որ տարածաշրջանային ճգնաժամերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի:
Նա ասել է, որ Ֆրանսիան անընդունելի և վտանգավոր է համարում Թուրքիայից հնչող ռազմաշունչ հայտարարությունները, որոնք Ադրբեջանին մղում են ռազմական գործողության:
Ես նշեցի Թուրքիայի քաղաքական հայտարարությունները, որոնք անմտածված են և վտանգավոր»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիան ծայրաստիճան մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայից հնչող ռազմատենչ հայտարարություններով, որոնք Ադրբեջանին դրդեցին փորձել հետ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Մենք դա անընդունելի ենք համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին