Այս պահին միանշանակ չէ, որ Անկարան շարունակում է Կովկասը դիտարկել Ռուսաստանի արտոնյալ շահերի գոտի․ԱՄՆ վերլուծաբան
Թուրքիան աջակցում է Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունում: Ֆրանսիան քննադատել է Անկարայի հռետորաբանությունն այս հարցում, իսկ Մոսկվա-Անկարա հարաբերություններում անորոշ վիճակ է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել քննադատությամբ Թուրքիայի հասցեին՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջինիս պահվածքի հարցում: Նա Անկարայի հռետորաբանությունը որակել է «անխոհեմ է և վտանգավոր», որը Ադրբեջանին ուղղորդում է դեպի Լեռնային Ղարաբաղի վերանվաճում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայ-ադրբեջանական ռազմական բախումների առաջին իսկ օրվանից իր աջակցությունն է հայտնել Բաքվին և կոչ արել հայկական ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից: «Թուրքիան կշարունակի կանգնել Ադրբեջանի կողքին ՝ իր ողջ ներուժով և ոգով»,- երկուշաբթի օրը հայտարարել էր Էրդողանը:
Ըստ վերլուծաբան Վեյն Մերիի, դեռևս պարզ չէ, թե ինչպես Թուրքիայի հարավկովկասյան այս հավակնություններին կարձագանքի Մոսկվան, որն այս տարածաշրջանում ունի ավանդական շահեր:
Դժվար է պատկերացնել, որ նախագահ Պուտինը կարող է զիջել Ռուսասատանի գերակա դիրքը կովկասյան տարածաշրջանում, սակայն խնդիրն այն է, թե ինչպես է նա պատրաստվում դա անել, ընդգծում է Մերին:
«Մոսկվայի տեսակետն այն է, որ Կովկասը, առնվազն կենտրոնական և հարավային մասերը, Ռուսաստանի արտոնյալ շահերի գոտի է: Եվ դա մինչև վերջերս հարգում էին Թուրքիան և Իրանը: Այս պահին միանշանակ չէ, որ Անկարան շարունակում է այն դիտարկել Ռուսաստանի արտոնյալ շահերի գոտի»,- ասում է Վեյն Մերին:
Մինչ այժմ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների հարցում Մոսկվան միացել է միջազգային հանրության կոչերին կրակի դադարեցման, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հակամարտությանը երրորդ ուժերի ներգրավվման բացառման մասին: Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ը չորեքշաբթի օրը տարածել է մեկնաբանություն Սիրիայից հակամարտության գոտի գրոհայինների տեղափոխման մասին: ՌԴ արտգործնախարարությունը նշել է, որ ԼՂ հակամարտության գոտի է իրականացվում Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխում՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով և կոչ արել շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ հեռացնելու ուղղությամբ:
ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, լարվածության աճը ղարաբաղյան հակամարտության գոտում կապված չէ ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Նախագահ Պուտինը ավելի քան տասը տարի փորձում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն` ոչ ի հաշիվ Թուրքիայի հարևանությամբ գտնվող որոշ երկրներում ռուսական շահերի: Այսօր ղարաբաղյան հակամարտության գոտում, ըստ Հերբսթի, առկա է ռուս-թուրքական ռազմական ընդհարման տեսական հավանականություն, սակայն վերլուծաբանը գտնում է, որ դա տեղի չի ունենա:
«Չեմ կարծում՝ ականատես կլինենք ռուս-թուրքական բախմանը մարտի դաշտում: Այստեղ տեղի է ունենում շահերի բախում»,- նշում է Հերբսթը:
Դեսպան Հերբսթն ընդգծում է, որ անհրաժեշտ է ամեն կերպ հասնել զինադադարի հաստատմանը՝ կարևորելով այս ուղղությամբ հատկապես Ֆրանսիայի և ԱՄՆ ներգրավումը: Անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պատասխանատու է ղարաբաղյան գործընթացի համար: Ավելի բարձր աստիճանի պաշտոնյաների ներգրավումը, օրինակ՝ փոխնախարարների մակարդակով, կարող է դրական կերպով անդրադառնալ կարգավորման հարցում, գտնում է Հերբսթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան