Դունյա Միյատովիչ. Հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար
«Ես խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման վերսկսման համար, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի», - ասում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:
«Ես հիշեցնում եմ երկու պետություններին նաև կյանքի իրավունքը պաշտպանելու և բնակչություններին խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից կամ պատժից պաշտպանելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորության մասին: Հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ իրավունքների համար:
Ես կցանկանայի ընդգծել հակամարտության գոտուց օբյեկտիվ հաղորդման կարևորությունը, քանի որ սխալ հաղորդումը և քարոզչությունը կարող են միայն հետագա սրել լարվածությունը: Ես կոչ եմ անում ԶԼՄ-ներին՝ հակամարտության մասին ռեպորտաժ ներկայացնելիս կիրառել լրագրողական էթիկայի և արհեստավարժության հնարավոր բարձրագույն չափանիշներ: Լրատվամիջոցների լուսաբանումը և տեղեկատվությանն հասանելիությունը կարևոր միջոց են ճշգրիտ, ժամանակին և համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար, հատկապես ճգնաժամային պայմաններում:
Ճգնաժամի պայմաններում խոսքի և տեղեկատվության ազատությունը պաշտպանելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ուղեցույցներին համահունչ՝ երկու երկրների իշխանությունները պետք է լրատվամիջոցների հավատարմագրված մասնագետներին թույլ տան մուտք գործել ճգնաժամային տարածքներ և համոզվել, որ հակամարտությունը լուսաբանող լրագրողները լինեն անվտանգ: Իշխանությունները պետք է նաև ապահովեն, որ հասարակությանն ազատորեն հասանելի լինի տեղեկատվությունը, ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս:
Միջոցառումները, որոնք կանխամտածված կերպով կանխում կամ խաթարում են տեղեկատվության հասանելիությունը կամ տարածումը առցանց և ցանցից դուրս, խաթարում են հասարակությանը տեղեկացնելու լրագրողների աշխատանքը:
Վերջապես, ես կասեի, որ երկու երկրների միջև լարվածությունը խթանելու համար քաղաքական հռետորաբանությունից խուսափելու հրամայական անհրաժեշտություն կա: Սա նշանակում է, որ երկու երկրների իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն լրատվամիջոցներում ատելության խոսքի ցանկացած օգտագործման դեմ և խթանեն փոխըմբռնումն ու վստահությունը:
Ես երկու կողմերին էլ կոչ եմ անում դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Դա միակ միջոցն է` խնայել քաղաքացիական և ռազմական հետագա կյանքը և պաշտպանել խաղաղ բնակչությանը նոր ռազմական բախման կործանարար ազդեցությունից»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան