«Ժողովուրդ». Ադրբեջանական կողմին չի հաջողվի «բլից կրիգ» անել, կորուստները բավականին շատ են. Եվսեև
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ից Արցախում տիրող լարվածությունը հանգեցրել է նրան, որ ընդունվում և անհետաձգելի են համարվում օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պայմանավորված են սահմանային լարվածությամբ: Երեկ էլ խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի կողմից առաջին ընթերցմամբ ներկայացվել և ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այսօր այսպիսի զորահավաքային պլան հաստատելն արդիական է՝ պայմանավորված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ: Ընդ որում, կառավարությունը նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի. ավելին՝ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանն արդեն մշակված է և համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:
Առաջարկվող կարգավորմամբ լրացում է կատարվելու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում, որը վերաբերում է պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորություններին: Լրացման արդյունքում զորահավաքային պլանը հետայսու կհաստատվի ՀՀ կառավարության կողմից` ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված 7-րդ հոդվածով: Նկատենք, որ նախկին Սահմանադրության պայմաններում զորահավաքային նախապատրաստական տարբեր աշխատանքների ընթացքում հաստատման ենթակա պլանները և կարգերը հաստատվում էին ՀՀ նախագահի հրամանագրերով:
Երկու տարի առաջ Իլհամ Ալիևը հույս ուներ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հիմնահարցում կգնա զիջումների, քանի որ բացասական վերաբերմունք է ունեցել այդ կլանի, այսինքն՝ Հայաստանի նախկին նախագահների նկատմամբ, սակայն այդ հույսերը չարդարացան:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Նրա խոսքով՝ այս իրավիճակը 2016 թվականից տարբերվում է հատկապես Թուրքիայի ակտիվ մասնակցության առումով: «Եթե այդպես շարունակվի, Թուրքիան «վա բանկ» կգնա, որովհետև Թուրքիայում տնտեսությունը անկում է ապրում:
Ռուսաստանը շատ խիստ է լինելու Թուրքիայի նկատմամբ, հատկապես որ թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը` խփելով ինքնաթիռը: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», – նշեց նա և ընդգծեց, որ այս օրերին ՌԴ նախագահը երկու անգամ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ՝ ոչ:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ադրբեջանական կողմին չի հաջողվի «բլից կրիգ» անել, կորուստները բավականին շատ են, հայկական կողմը կարողացել է ճեղքել Ադրբեջանի շրջափակումը, և երկար այդպես դիմանալ չի կարող: «Ադրբեջանը պետք է ինչ-որ բան կորցնի, որ հասկանա, որ եթե նորից հարձակվի, ավելին կկորցնի»,- հավելեց նա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում