Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով երկկողմանի քննադատությունների ալիք է սկսվել ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների՝ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև:
Լեռնային Ղարաբաղում չորս օր շարունակվող մարտերը սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի, և միջազգային համայնքը մտահոգված է, որ պատերազմին կարող են խառնվել նաև Թուրքիան և Ռուսաստանը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մի քանիսն անհանգիստ են Անկարայի դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Չորեքշաբթի օրը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Անկարան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է թե, «կանեն հնարավոր ամեն ինչ»:
Չավուշօղլուն նաև հայտարարել է, թե Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հավասարազոր է «Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացմանն աջակցելուն»:
Ի պատասխան, Ֆրանսիայի նախագահը Լատվիա կատարած այցի ընթացքում իր ասուլիսի ժամանակ ասել է ․ «Ես արձանագրել եմ Թուրքիայի հայտարարությունները, որոնք կարծում եմ, անխոհեմ են ու վտանգավոր: Եվ սա հատկապես ասում եմ, Հայաստանը նկատի ունենալով, Ֆրանսիան խորապես մտահոգված է Թուրքիայի կողմից վերջին ժամերին արված պատերազմական հայտարարություններով, որոնք Ադրբեջանին ուղղորդում են դեպի Լեռնային Ղարաբաղը նորից նվաճելու, ինչը մեր կողմից անընդունելի է»:
Էմանուել Մակրոնը նաև հայտնել էր, որ այս թեմայով խոսելու է Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մակրոնն արդեն խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան