Ադրբեջանի հանրություն և փոքրամասնություններ, սա ձեր պատերազմը չէ. Բեքարյան
«Ադրբեջանի հանրություն և փոքրամասնություններ, սա ձեր պատերազմը չէ, սա Իլհամ Ալիևի հարստությունը կրկնապատկելու պատերազմ է։ Սա փոքրամասնություններին որպես թնդանոթի միս օգտագործելու նպատակ է նաև հետապնդում, ում միջից հատկապես ակտիվներին նա բերել է առաջին գիծ։ Ինչի՞ վրա էր Իլհամ Ալիևի հույսը, որ հայ ժողովուրդը չի կանգնելու բանակի թիկունքին։ Առավել քան սխալ հաշվարկ»,- այս մասին այսօր Արցախում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Կերեն Բեքարյանը։
Անդրադառնալով միջազգային հանրության գործելակեպին, նա ասաց. «Իր լռությամբ ամենաթողություն է ստեղծել միջազգային հանրությունը։ Եթե մինչ այդ հնչեցրած բոլոր կոչերը լինեին հասցեական, գուցե հնարավոր լիներ խուսափել այս վիճակից։ Բայց միջազգային հանրությունը հաշվի չառավ, որ գործ ունի հոգեկան շեղումներ ունեցող մարդու հետ՝ ի դեմս Իլհամ Ալիևի»։
Վերջում բանախոսը նշեց. «Մենք բոլորս միասին և ամեն մեկս յուրովի այսօր կարիք ունենք համբերության, համբերություն, որը հաղթանակի ճանապարհ է հարթում և հաղթելու ենք»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի խաղաղ բնակչության շրջանում արդեն հաղորդվել է 8 զոհի մասին. Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ: Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմն ունի զոհեր զինծառայողների շրջանում։
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան պլանավորվել է բոլոր ոլորտներով՝ այդ թվում նաև տեղեկատվական, որի վկայությունն էր այն, որ Արցախում ռազմական ագրեսիայից րոպեներ անց արդեն թուրքական ԶԼՄ-ներն ուղիղ եթերներ էին տալիս առանջնագծից։
Ադրբեջանն իր բնակչությանը գրեթե ամբողջությամբ տեղեկատվական բլոկադայի մեջ է պահում՝ չկա ինտերնետ, չեն աշխատում սոցցանցերը, բաց էր միայն թվիթերը՝ սեփական պրոպագանդան տարածելու համար, որն այսօր արդեն ևս սահմանափակված է։Ադրբեջանը չի թույլ տալիս օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչներին գալ երկիր ու լուսաբանել այն, ինչ անում է ինքը, այլ միայն թույլատրում է իրեն հավատարիմ մեծ եղբոր՝ Թուրքիայի ԶԼՄ-ներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, չի հայտնում իր զոհերի ու կորուստների մասին, բնականաբար, սեփական ժողովրդի ցասումի դեմ առնելու ու դիկտատուրան շարունակելու համար, այնինչ հայկական կողմի պաշտոնական տվյալներով, այն ունի հարյուրավոր զոհեր ու զինտեխնիկայի կորուստ։ Այսօր Թշնամին հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։Հադրութին հարվածել են հրետանիով։