Ադրբեջանն այժմ ծառայում է որպես Թուրքիայի՝ սեփական հեռահար նպատակներին հասնելու միջոց. Նաղդալյան
«Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և պատճառում է մարդկային ու նյութական կորուստներ»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա հատկապես առանձնացրեց այն, որ այսօր Ադրբեջանը թիրախավորել էր նաև հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների աշխատակիցներին, և դա արվել է ԱԳՆ հայտարարությունից մի քանի ժամ անց, երբ տեղեկություն էր տարածվել, թե որքան մեծ է միջազգային արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին։
Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ նախարարությունը հավատարմագրել էր ավելի քան հիսուն միջազգային լրատվամիջոցների մոտ 200 լրագրողների:
«Պետք է նշեմ, որ թիրախավորվել են նաև լրագրողներին տեղափոխող մեքենաները, թեև նրանք ունեցել են հատուկ արտահագուստ, որով երևացել է, որ նրանք ԶԼՄ ներկայացուցիչներ են։ Իսկ քաղաքացիական բնակչությանն ու լրագրողներին թիրախավորումը համարվում է միջազգային իրավունքի խախտում, և այդ գործելաոճը խիստ դատապարտելի է»,- շեշտեց Աննա Նաղդալյանը։
Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածությանը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայում՝ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ Թուրքիան ապակայունացնող քաղաքականություն է վարում։
«Երեկ ՊՆ-ից արդեն տվյալներ են տրվել թուրքերի զինված փորձագետների անմիջական մասնակցության վերաբերյալ։ Տեղեկություններ կան, որ այս մարտերում Ադրբեջանի կողմից կիրառվող ԱԹՍ-ները թուրք փորձագետների կողմից են կիրառվում։ Սա նորություն չէ. 2016-ին էլ էին Ադրբեջանի կողմից կիրառվող ԱԹՍ-ները կառավարվում օտարերկրացի մասնագետների կողմից։ Եվ թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները խարխլում են տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային հանրության ջանքերը՝ դադարեցնելու մարտական գործողությունները։
Միջազգային հանրությունը կոչ է արել արտաքին դերակատարներին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կսրի հակամարտությունը, և Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչին։ Իսկ Սիրիայից և Լիբիայից զինյալ ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան ունի հեռահար նպատակներ, և կործանարար հետևանքներ կունենա Հարավային Կովկասում»,- շեշտեց Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանն այժմ ծառայում է որպես Թուրքիայի՝ սեփական հեռահար նպատակներին հասնելու միջոց։ Թուրքիան նպատակ ունի իր ազդեցությունը արտահանել նաև հարակից տարածաշրջաններ.
«Մենք կասկած չունենք, որ ապագայում Ադրբեջանը կդառնա որպես ահաբեկչական խմբերի տեղակայման վայր, անգամ ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանը կվերածի արյունահեղության հերթական դաշտի։ Ապագայի այսպիսի պատկերը մտահոգիչ է։ ՀՀ ԱԳՆ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը, որպեսզի իր մտահոգությունները բարձրաձայնի և պահպանի տարածաշրջանային կայունությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն և Թուրքիան կողմ են արտահայտվել արցախյան շփման գծում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը
- Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը
- «Ադրբեջանն ընդամենը Թուքիայի սատելիտն է». Արման Աբովյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան