Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ:
Չինաստանը Ձեր ղեկավարությամբ կարողացավ հաղթահարել COVID-19 համավարակի բռնկումը և հաստատուն քայլերով շարունակում է դրա հետևանքների դեմ պայքարը՝ փայլուն օրինակ ցույց տալով աշխարհին ու սատարելով բարեկամ երկրներին։
Մեծապես կարևորում եմ միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակահատվածում մեր երկրների միջև շարունակվող բարձր մակարդակի երկխոսությունը և փոխադարձ աջակցության քաղաքականությունը։
Գոհունակությամբ եմ հիշում անցյալ տարի Չինաստան կատարած իմ այցի շրջանակներում մեր հանդիպումն ու մտքերի փոխանակումը։ Ցանկություն ունենալով խորացնել ու ընդլայնել առկա երկկողմ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը և նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ՝ մենք ուրվագծեցինք մեր երկրների զարգացման ու երկկողմ կապերի սերտացման ուղեգիծը՝ կոչված իրացնելու հայ-չինական բազմաոլորտ գործակցության լայն ներուժը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության շրջանակներում:
Վստահ եմ, որ մեր ձեռք բերած պայմանավորվածությունները կշարունակեն կյանքի կոչվել՝ ի շահ մեր երկրների և ի բարօրություն հայ և չին ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։