Լրագրողի մուտքը կոնկրետ կոնֆլիկտային գոտի, հիմք է, որպեսզի ապահովվի նրա անվտանգ աշխատանքը. ՄԻՊ
«Մի խումբ հայաստանյան և արտասահմանյան լրագրողներ հայտնվել են զինված հարձակման ներքո, և դրա պատճառով ունենք վիրավորվածներ»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Պաշտպանը հատուկ նշեց, որ այս առնչությամբ ուսումնասիրել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը. այն բացարձակ անընդունելի է միջազգային իրավունքի պահանջների տեսանկյունից։
Ըստ Արման Թաթոյանի, Ադրբեջանի կողմից կոպիտ խախտվում է միջազգային մարդասիրական իրավունքը, և փորձ է պատասխանատվությունը վերափոխելու և վերահասցեավորելու.
«Այնտեղ, օրինակ, նշվում է, որ արտասահմանցի լրագրողների՝ նպատակաուղղված վտանգավոր տարածքների տեղափոխումը, ցույց է տալիս, որ ՀՀ-ն անտեսում է լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված պարտվորությունները, արտասահմանյան լրագրողների օգտագործում է ապօրինի քարոզչական նպատակների համար։ Եվ կոչ է արվում արտասահմանցի լրագրողներին Ադրբեջանի և ԼՂՀ շրջաններ այցից առաջ նախ և առաջ ստանալ Ադրբեջանի թույլտվությունը»։
Սակայն, պաշտպանի խոսքով, զինված հարձակման ներքո գտնվող վայրերում լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է, ավելին, կարևոր է անաչառ, օբյեկտիվ լրագրողների ներկայությունը։
«Առհասարակ, լրագրողի աշխատանքի նպատակն է ի ցույց դնել իրավիճակը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։ Եվ լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի ոչ թե կոչով, որ նրանց չթողնեն այդ վայր, այլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով։ Հետևաբար, լրագրողի մուտքը կոնկրետ կոնֆլիկտային գոտի, հիմք է, որպեսզի ապահովվի նրա անվտանգ աշխատանքը։
Մենք ուսումնասիրել ենք. լրագրողները եղել են հատուկ տարբերանշանով, դրանից բացի եղել են քաղաքացիական մեքենաներով։ Ավելին, հարձակումը տեղի է ունեցել Մարտունու քաղաքապետարանի վրա։ Ցանկացած կասկածելի իրավիճակում կանխավարկածը լրագրողի օգտին է։ Եվ ես ունեմ ԵԱՀԿ խոսքի ազատության ներկայացուցչի կողմից նամակ, որտեղ գրված է՝ լրագրողի աշխատանքը Արցախում ունի լեգիտիմ բնույթ»,- շեշտեց պաշտպանը։
Այսինքն՝ Արման Թաթոյանի խոսքով, Ադրբեջանի հիմնավորումը բացարձակ անիմաստ է։
Հարակից հրապարակումներ`
- Կադրեր Մարտունիում ադրբեջանական կրակից 24News-ի լրագրողի վիրավորման պահից
- «Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան
- Հայտնվել էինք շրջափակման մեջ. լրագրողը մանրամասներ է հրապարակել
- «Հետք». Ֆրանսիացի լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը զոհվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին