ՀՀ ԱԳՆ-ն խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Իսրայելում ՀՀ դեսպանին
«Մենք մշտական կապի մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ, և այստեղ պետք է ասեմ՝ ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը օգտագործում է այլ պետությունների տարածքները Արցախի դեմ ագրեսիա իրականացնելու համար»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ադրբեջանական խոցված ուղղաթիռի՝ Իրանի տարածք ընկնելուն։
Անդրադառնալով լուրերին, թե այսօր Իսրայելից երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել Բաքվում՝ այնտեղ զենք մատակարարելու համար՝ ԱԳՆ խոսնակը նշեց, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն տրամադրելու վերաբերյալ ԱԳՆ-ն արտահայտվել է, և մշտապես անդրադարձել է այդ հարցին։
«Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից զենքի տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Մենք բազմիցս մեր իսրայելցի գործընկերներին հայտնել ենք այդ մասին։ Այս օրերին միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, իսկ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին։ ՀՀ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն այժմ ծառայում է որպես Թուրքիայի՝ սեփական հեռահար նպատակներին հասնելու միջոց. Նաղդալյան
- ՌԴ-ն և Թուրքիան կողմ են արտահայտվել արցախյան շփման գծում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը