Սաակաշվիլուն սատարող լրատվամիջոցները պրոադրբեջանական դիրքորոշում ունեն. Ալիկ Էրոյանց
«Ռազմաճակատում իրավիճակի և մարտական գործողությունների իմաստով, իհարկե, ներկայացվում են և Հայաստանից և Ադրբեջանից եկող լրատվությունը, բայց եթե դիտարկելու լինենք բովադակությունը, ապա քարոզչական ուղղությունն ավելի շատ պրոադրբեջանական է»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ ներկայացնելով Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող լրատվամիջոցների գործունեությունը: Որպես օրինակ նա նշեց այն միտումը, որ ընդդիմադիր հեռուստատեսությունները Հայաստանից տարածվող տեսանյութերը ներկայացնելիս դրանք որակում են որպես դաժանություն, իսկ Ադրբեջանի նույնատիպ տեսանյութերը՝ հայրենասիրական:
Մյուս փորձագետը՝ Ջոնի Մելիքյանը այդ միտումը կապեց հոկտեմվերի 31-ին Վրաստանում սպասվող ընտրությունների հետ, երբ ընդդիմությունը փորձում է տարբերվել Վրաստանի հանրային հեռուստատեսության հավասարակաշռված դիրքորոշումից:
«Ոչ մեկի համար նորություն չէր Սաակաշվիլիի դիրքորոշումը և մոտեցումը հարևան Ադրբեջանի նկատմամբ, բայց այս անգամ նա նախընտրել է երևի չստանալ հայերի կամ Ջավախքի հայերի ձայները»,-հայտնեց Ջոնի Մելիքյանը և ենթադրեց, որ նա նախընտրել է տեղի ադրբեջանցիների ձայները:
Նրա խոսքով Սաակաշվիլու և իր լրատվամիջոցների ոչ բալանսավորված մեկնաբանությունների պատճառով Ջավախքի հայերը հայրենասիրությամբ ոգևորված ցանկանում են աջակցել Հայաստանին և սահմանին բախվում են որոշ օրենսդրական խնդիրների հետ: Չունենալով համապատասխան փաստաթղթեր՝ նրանք փորձում են հումանիտար օգնություն տեղափոխել Հայաստան, կամ գրանցվել և առաջնագիծ մեկնել:
Մելիքյանը տեղեկացրեց, որ դեռ ուկրաինական և սիրիական ճգնաժամի ժամանակ Վրաստանը օրենքով քրեականացրել է իր քաղաքացիների մասնակցությունը այլ երկրների ռազմական գործողություններին:
Փորձագետը կարևորեց, որ այս հաղորդագրությունը հասցվի տեղի հայ բնակչությանը, որ ռազմաճակատում իրենց մասնակցության կարիքը չկա, մեր զինվորներն իրենց խնդիրները լավ են կատարում: Ըստ Մելիքյանի, վիրահայերը կարող են այլ միջոցներով, մասնավորապես՝ հիմնադրամների միջոցով ֆինանսական աջակցություն տրամադրեն: Վրեջինս Վրաստանի հայերին կոչ արեց զգոն լինեն, քանի որ թիրախավորվում են թշնամու կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան