Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս
«Շատ ժամանակին էր Վրաստանի վարչապետի նախաձեռնությունը, որը հստակ արձանագրեց մեր պատրաստակամությունը, Վրաստանը ցանկացած ձևով ներգրավվի խաղաղարար ձևաչափերին և մեր հարևաններին առաջարկի Թբիլիսին, որպես երկխոսության հարթակ։ Հուսամ, նրանց կողմից ևս կլինի պատշաճ արձագանք։ Ինչ վերաբերում է եվրոպացի գործընկերներին, մենք այս գործընթացում նրանց կողմից ունենք լիարժեք աջակցություն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Նախարարի փոխանցմամբ, Բրյուսելում բոլոր հանդիպումներին եվրոպացի գործընկերները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում, Վրաստանի հարևան շրջանում առկա ապակայուն իրավիճակի վերաբերյալ:
«Բնական է, բոլորը նկատի ունեին Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: Մենք մեծ վրդովմունքով հետևում ենք այս գործընթացներին, քանի որ լարված իրավիճակն էլ ավելի է սրվում: Պատմականորեն, մենք մեր ադրբեջանցի և հայ համաքաղաքացիների հետ միասին ունենք խաղաղ համակեցության մեծ փորձ: Դա պետք է պահպանվի նաև ապագայում: Վրաստանը, ինչպես նաև միջազգային համադաշնությունը, միասնական է խաղաղությանն ուղղված կոչերում, այն առումով, որ միջազգային դերակատարները, առաջին հերթին ԵԱՀԿ-ի համանախագահները և Մինսկի խումբը առավել ակտիվ պետք է ներգրավվեն, քանի որ անհրաժեշտ է լիցքաթափել իրավիճակը, սկսել խաղաղարար բանակցություններ, քանի որ եթե իրավիճակը սրվի, դա վտանգ կստեղծի ոչ միայն Հարավային Կովկասի, այլ՝ Սև ծովի տարածաշրջանի համար և տարածաշրջանից դուրս դրա տարածման հավանականությունը մեծ է: Դա բոլորը քաջ գիտակցում են»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Նշենք, որ Բրյուսելում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նախօրեին հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախման մասին և նշել, որ Վրաստանը պատրաստ է, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին հյուրընկալել Թբիլիսիում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան