Պատերազմական իրավիճակներում անձնական տվյալների պաշտպանությունը վերածվում է կյանքի իրավունքի. Դոյդոյան
«Լինելով լիբերալ հայացքների տեր անձնավորություն՝ առաջին անգամն է, որ ես ասում եմ՝ հիմնավորված է եղել «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցի արգելափակումը, հակառակ դեպքում սա արդեն դարձել էր սպառնալիք ազգային անվտանգության համար»,- այսօր «Անձնական տվյալների պաշտպանությունը պատերազմական իրավիճակում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։
Վերջինս նշեց, որ մարդու ազատ արտահայտվելու իրավունքը կարող է սահմանափակվել, եթե կա վտանգ՝ պետական շահերին։
Նրա խոսքով, հայ հասարակության շրջանում անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին մարդիկ իրազեկված չեն, իսկ դա շատ մտահոգիչ է, և հղի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։
Ըստ Շուշան Դոյդոյանի, պատերազմական իրավիճակներում անձնական տվյալների պաշտպանությունը վերածվում է կյանքի իրավունքի։ Այն դառնում է ազգային անվտանգության հարց.
«Մի հասարակ տվյալի փոխանցումը կարող է սպառնալիք դառնալ ազգային անվտանգության, հետևաբար և ամբողջ հասարակության կյանքի համար։ Եվ դա, առաջին հերթին նկատվում է սոցցանցերում, որտեղ մարդիկ առավելապես անպատասխանատու են վերաբերվում տվյալներին՝ բացարձակ նեղություն չտալով իրենց։ Մի անգամ չեն փորձում ստուգել՝ ով է օգտատերը, ինչու է իր կամ իր հարազատի մասին տեղեկություն հարցնում։ Որևէ դեպքում պետք չէ անձնական տվյալներ, հեռախոսահամար, հարազատի մասին տեղեկություններ տրամադրել սոցցանցերով։ Ընդհանրապես, անձնական տվյալների փոխանցումը պետք է ունենա օրինական նպատակ։ Մինչև դրանք տրամադրելը պետք է վստահ լինել, որ բացասական հետևանք չի լինի»։
Բանախոսը հորդորում է՝ ցանկացած տեսանյութ կամ ձայնային հաղորդագրություն ուղարկելուց առաջ հինգ վայրկյան շունչ քաշել, ապա փորձել հասկանալ՝ ով է նյութը տարածող աղբյուրը։ Շուշան Դոյդոյանը շեշտում է, հատկապես պատերազմական օրերին պետք է առավելագույնս օգտվել պաշտոնական աղբյուրներից։
«Եվ ընդհանրապես, հաճախ գրում են՝ արագ տվեք ձեր հեռախոսահամարը, օգնություն ունենք տալու։ Այդ դեպքում նախ պետք է մտածել՝ ո՞վ է այդ մարդը, ի՞նչ օգնություն կարող է տալ, ի՞նչ վնաս կարող է հասցնել, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեր իսկ անվտանգության համար»,- նշեց բանախոսը։
Անդրադառնալով երեխաների՝ սոցցանցերում ներկայությանը՝ Շուշան Դոյդոյանն ասաց, որ մինչև 13 տարեկան երեխաներն իրավունք չունեն օգտվելու սոցցանցերից։ Նրա խոսքով, այս պայմանը պետք է պարտադիր կանոն լինի բոլոր ծնողների և երեխաների համար.
«Դա պատահական կանոն չէ, մինչ այդ տարիքը երեխաները չեն կարող գիտակցել իրենց գործողությունների հետևանքները։ Այս դեպքում և՛ երեխայի, և՛ ազգային անվտանգության լավագույն շահից է բխում մինչև 13 տարեկանների՝ սոցցանցերում չլինելը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա