Հակառակորդն ունի 540 զոհ, կորցրել է 6 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան
«Արցախյան շփման գծում մարտերը նույն հիմնական ուղղություններով շարունակվում են»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր հեռահար հրթիռային միջոցներով թշնամին 2 անգամ հարվածել է Հադրութ քաղաքին, նույնքան՝ Ստեփանակերտին։ Թիրախավորվում են այլ բնակավայրեր, ենթակառուցվածքներ.
«Ծանր մարտերը շարունակվում են հյուսիսում և հարավում։ Մեր ԶՈւ-ն հիմնականում պաշտպանողական, բայց որոշ տեղերում նաև այլ բնույթի մարտական գործողություններ է վարում»։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր ԶՈւ-ն հետ է մղում բոլոր՝ մեծ ու փոքր գրոհները։
«Այսօր հակառակորդն ունի 540 զոհ, 700-ից ավելի վիրավոր և կորցրել է 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասը օդում չի խոցվել, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ»,- ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մեր զորքերը դրսևորում են բացառիկ հնարամտություն և խելահեղ քաջություն. «Մեր զորքերն ուղղակի փայլուն են աշխատում»։
ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ հակառակորդը թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները, և երեկ անգամ վիրավորվել էր ֆրանսիական լրատվամիջոցներից մեկի լրագրողը։ Նա նշեց, որ հակառակորդի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու հետևանքով տուժել են բնակելի շենքեր, վնաս են կրել մեծ թվով խաղաղ բնակիչներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս աչքի ընկած զինծառայողները կպարգևատրվեն
- ՊՆ. Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են բալիստիկ հրթիռներով