
ԵՄ գագաթնաժողով․ Հակամարտությանը չի կարող ունենալ ռազմական լուծում, ինչպես նաև արտաքին միջամտություն
Հոկտեմբերի 1-2-ին Բրյուսելում ընթանում է Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի օրակարգում էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։
Եվրոպական խորհուրդը քննարկումների արդյունքներով եզրակացություններ է ընդունել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ԵՄ ղեկավարները միաձայն նշում են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, ինչպես նաև չի կարող լինել արտաքին միջամտություն։
«ԵՄ խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում է վերահաստատել կայուն հրադադարի ռեժիմը և հակամարտությունը կարգավորել խաղաղ: Կյանքերի կորուստը և խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են:
Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ինչպես նաև արտաքին միջամտություն: Ադրբեջանը և Հայաստանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն՝ առանց նախապայմանների: ԵՄ խորհուրդն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և բարձր ներկայացուցչին (ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով․-խմբ) խնդրում ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ հետագա աջակցությունը»,-ասվում է ԵՄ գագաթնաժողովի եզրահանգման մեջ։
Նշենք, որ Մակրոնը ԵՄ գագաթնաժողովում քննադատել էր Թուրքիային, ՆԱՏՕ-ին կոչ արել առերեսվել իր անդամի անընդունելի վարքագծին։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր գծերը հատված են․ Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է անում առերեսվել Թուրքիայի վարքագծին
- Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված