ԵՄ-ն 500 հազար եվրոյի շտապ մարդասիրական օգնություն է ցուցաբերում ԼՂ հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի բռնկումից հետո ԵՄ-ն հայտարարում է շտապ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին՝ հակամարտության արդյունքում տուժած խաղաղ բնակչությանը՝ շփման գծի երկու կողմերում: Այս մասին հայտնում է Եվրամիության ճգնաժամերի կառավարման, Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության հանձնակատար Յանեզ Լենարչիչը։
Նշվում է, որ ֆինանսավորումը մի քանի հազար մարդու կտրամադրի առողջապահական աջակցություն, բժշկական սարքավորումներ, սննդի փաթեթներ և այլ հրատապ օգնություն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերն արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքը: Պետք է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և ապահովել քաղաքացիական կյանքի և ենթակառուցվածքների պաշտպանությունը: ԵՄ-ն համերաշխ է բռնությունից տուժած բոլոր մարդկանց հետ և պատրաստ է հետագա մարդասիրական աջակցություն ցուցաբերել, եթե մարդկային տառապանքները շարունակվեն: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,-հայտարարել է հանձնակատարը։
500,000 եվրոյի նախնական ֆինանսավորումը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկերներին, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, անհապաղ օգնություն տրամադրել մարտերից տուժածներին: Ասվում է, որ ԵՄ մարդասիրական ֆինանսավորումը տրամադրվում է չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ և ուղղվում է միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների միջոցով: