Համաշխարհային ահաբեկչության մի հատվածը տեղափոխվել է Հարավային Կովկաս. Ռուբեն Սաֆրաստյան
«Վարձկանների ներկայությունը Հարավային Կովկասում պետք է դիտարկել որպես համաշխարհային ահաբեկչության մի հատվածի տեղափոխում Հարավային Կովկաս»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նկատելով, որ վարձկանների առկայությունը Հարավային Կովկասում բացարձակ նոր երևույթ է՝ Սաֆրաստյանը շեշտեց, որ այն ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև համաշխարհային զարգացումների վրա և պատահական չհամարեց, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կոմղից պաշտոնապես սկսվեց հնչել ահազանգ դրա վերաբերյալ:
Նրա խոսքով, Ադրբեջանի բանակի կազմում, մեր տարածաշրջանում վարձկանների, ջիհադիստների ներկայության մասին հայկական կողմը բարձրաձայնում էր բավական երկար ժամանակ, որին աշխարհն արձագանքեց, ինչը նշանակում է, որ մեր դիվանագիտությունը կարողացավ այդ ահազանգը հասցնել աշխարհին:
Սաֆրաստյանի խոսքով, տարած աշխատանքների արդյունքում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կարողացել են միասնական մոտեցում ձևավորել Հարավային Կովկասում ադրբեջանական բանակի կազմում կռվող ահաբեկիչ վարձկանների վերաբերյալ:
Սաֆրաստյանը նկատեց, որ ռազմական բախումները հրահրելու առաջին իսկ օրերը ցույց տվեցին, որ Թուրքիան վարձկանների գործոնը կարևորում է, և կային տվյալներ, որ դեռևս օգոստոսից նրանք սկսել էին վարձկաններ հավաքագրել: Արևելագետի խոսքով, վարձկաններին խոստացել են շատ մեծ գումարներ, շահագրգռել են ու ասել, որ ուղարկելու են ինչ-որ մի ապահով տեղ:
Բանախոսը նկատեց, որ Թուրքիան ռազմական գործողությունների առաջին օրերին սկսեց կեղծ լուրեր տարածել, թե իբր հայկական կողմում կռվում են քրդեր, որը հակաքարոզչություն և ապատեղեկատվություն էր, որպեսզի ճնշի ադրբեջանական բանակում գտնվող վարձկանների վերաբերյալ լուրերը:
Շեշտելով, որ Թուրքիան չի ընդունում միջազգային հանրության քննադատությունը՝ Սաֆրաստայանը կանխատեսեց, որ վարձկանների խնդիրը մոտ օրերս կստանա մեծ արձագանք և համապատասխան գնահատական միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:
«Սա հիմնական ոլորտն է որտեղ միջազգային հանրության ճնշումը Թուրքիայի վրա իրական կլինի»,-նկատեց թուրքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան