Ադրբեջանը մի քանի անգամ կիրառել է «Սմերչ»՝ արգելված կասետային մարտագլխիկներով
Այսօր Ադրբեջանը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով երկու անգամ հրթիռակոծել է Արցախի Հադրութ քաղաքը: Կասետային մարտագլխիկներով իրականացված հրթիռակոծության արդյունքում վնաս է հասցվել քաղաքացիական բնակչությանը: Այդ մասին վկայում են պաշտոնական և բոլոր մեդիա հրապարակումները, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչությունից և Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված առանձին ահազանգերից ստացված տեղեկությունները:
Ինտենսիվ կասետային հրթիռներ կիրառելու մասին նախորդ օրը հայտարարել էր նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ փաստահավաք աշխատանքների արդյունքներով:
Կասետային մարտագլխիկներով զինված հարձակումները անթույլատրելի ռազմական ագրեսիա է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:
Եվ՛ Ժնևյան կոնվենցիաները, և՛ Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման վտանգավոր զինատեսակների կիրառումը: Միջազգային իրավական փաստաթղթերը և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքն արգելում են կասետային զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր և անմարդկային (inhuman): Նշված զինատեսակներն ունեն ոչ ընտրողական ազդեցություն (indiscriminate effect) և վտանգում են խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, պատճառում լրացուցիչ վնասներ ու տառապանքներ:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին արձագանքել և հանդես գալ հստակ և աներկբա կոչերով դադարեցնելու ադրբեջանական կողմի նման ագրեսիվ ու անմարդկային վարքագիծը:
Նման զենքի կիրառումն արդեն հատում է բոլոր կարմիր գծերը և կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Կասետային զինատեսակների կիրառումը ոչ միայն անթույլատրելի է հասցված անմիջական վնասների տեսանկյունից, այլ նաև լրջորեն վտանգավոր ապագա սերունդների առողջության համար:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հարակից հրապարակումներ`
- Բեկորային վնասվածքները մեծ կշիռ ունեն ընդհանուր վիրավորումների մեջ. Արմեն Մուրադյան
- Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. Արցախի ՄԻՊ
- Սմերչը խփեց Հադրութ քաղաքին. ՊՆ ներկայացուցիչ
- Ադրբեջանը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տանկեր. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին