Գրիգորի Մարտիրոսյան. Ստեփանակերտում զոհերի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են
Վերջին օրերին հրետակոծվել են Արցախի Մարտակերտի, Մարտունիի, Հադրութի, Ասկերանի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններում բազմաթիվ քաղաքաներ ու գյուղեր։ Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը։
«Ինչպես գիտեք, քիչ առաջ Ստեփանակերտը հրետակոծվեց, խաղաղ բնակչության շրջանում ունենք տուժածներ։ Զոհերի վերաբերյալ տեղեկություններն այս պահին ճշտվում են։ Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, բնակելի շենքեր»,- ասաց պետնախարարը։
Նա նաև նշեց, որ օպերատիվ շտաբն ու կառավարությունն անմիջապես ստեղծել են վնասների գնահատման հանձնաժողով։
«Վնասների գնահատումն իրականացվելու է առանց հապաղելու։ Մենք վաղվանից նախատեսում ենք սկսել բնակելի տների, շենքերի ու այլ օբյեկտների վերանորոգում ու վերականգնում, որպեսզի խաղաղ բնակիչները, որոնք զրկվել են իրենց տներից, կարողանան վերադառնալ իրենց տները»,-ասաց պետնախարարը։
Նա նշեց, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ հայրենակիցներ օգնություն են ցուցաբերում Արցախին ինչպես ֆինանսական, այնպես էլ իրային բնույթի։
«Այս պահի դրությամբ հավքագրված գումարը գերազանցում է 15 մլն դոլարը»,- ասաց նա։
Պետնախարարը նաև տեղեկացրեց, որ պետության կողմից ժամանակին վճարվել են ինչպես աշխատավարձերը, վարձատրությունները, այնպես էլ ծառայությունների դիմաց։ Թոշակներն ու նպաստները նույնպես կվճարվեն սահմանված ժամկետներում։
«Պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապահովվի մեր հայրենակիցների բնականոն կյանքը։ Նույնիսկ խորհրդանշական է, ֆինանսների նախարարությունից ասացին՝ ինն ամսվա տվյալներով մեր հարկատուները վճարել են նույնիսկ պլանից ավելի 200 մլն դրամ»,- ասաց նա։
Մարտիրոսյանի խոսքով, հաշվի առնելով պատերազմական վիճակը, կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունների հետ պայմանավորվել են, որ չվճարելու դեպքում անջատումներ չեն լինի։
«Ընկերությունները ցուցաբերում են համապատասխան անհրաժեշտ օգնություն»,- նշեց օպերատիվ շտաբի պետը՝ ավելացնելով, որ հասարակության կողմից լայն սպառվող ծառայությունները կլինեն անվճար։
Նա շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին թե հարկերի՝ ժամանակին վճարման, թե ցուցաբերած աջակցության համար։
Ուղիղ եթերը՝ «Արմենպրես»-ի։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը մի քանի անգամ կիրառել է «Սմերչ»՝ արգելված կասետային մարտագլխիկներով
- Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը․ Արտակ Բեգլարյան
- Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով 10 վիրավոր կա
- Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտը
- ՊՆ ներկայացուցիչ. Ստեփանակերտին խփեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան