ՀՖՖ-ն կոչ է անում դատապարտել ռազմատենչության բոլոր դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ հավատարիմ միջազգային ֆուտբոլային ընտանիքի կողմից որդեգրված ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, մինչ օրս զերծ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետ։
ՀՖՖ-ն, պահպանելով ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Լեգիա» - «Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ ներկայացված դիմումին։
Ի հակադրություն դրան, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան և այդ երկրի ակումբներն օգտագործում են ֆուտբոլային հարթակը խիստ քաղաքական հայտարարություններ անելու, փաստերը մանիպուլացնելու, ապատեղեկատվություն տարածելու, ֆուտբոլային դաշտում միլիտարիստական պահվածք դրսևորելու համար։
Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը ռմբակոծում է հայաստանյան բնակավայրերը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցել է դաշտեր՝ երեխաներին ֆուտբոլ խաղալու հնարավորություն տալու համար։ Դա, օրինակ, վերաբերում է Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ գյուղին, որտեղ արհեստական դաշտի կառուցումը հնարավորություն էր տվել բազմաթիվ երեխաներին զբաղվել ֆուտբոլով։ Վերջին օրերին Մեծ Մասրիկը, ինչպես նաև Վարդենիսի ողջ տարածաշրջանը ռմբակոծում են, մարդիկ զրկված են բնականոն կյանքով ապրելու, երեխաները՝ ֆուտբոլ խաղալու հնարավորությունից, ինչը կարող է հանգեցնել հումանիտար աղետի։
ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի նման գործելաոճը, հայտարարում է, որ հավատարիմ է մնում ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, կոչ է անում միջազգային ֆուտբոլային ընտանիքի անդամներին տուրք չտալ ադրբեջանական կողմի քաղաքական հայտարարություններին և դատապարտել ռազմատենչության բոլոր դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում։
Հ․Գ․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ԱՖՖԱ-ի գործողությունների մասին տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին և այդ կառույցների անդամ բոլոր ասոցիացիաներին»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան