ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Քաղաքացիական անձանց թիրախավորելը կամ սպառնալը երբեք որևէ պարագայում ընդունելի չէ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոր հանդես եկան հետևյալ հայտարարությամբ, որում ասվում է, որ համանախագահները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունները, ինչպես նաև շփման գծից հեռու գտնվող Հայաստանի և Ադրբեջանի տարածքների թիրախավորումը, և տագնապ են հայտնում են քաղաքացիական զոհերի աճի մասին հաղորդագրությունների կապակցությամբ:
«Քաղաքացիական անձանց թիրախավորելը կամ սպառնալը երբեք որևէ պարագայում ընդունելի չէ: Համանախագահները կողմերին կոչ են անում ամբողջությամբ պահպանել խաղաղ բնակչությանը պաշտպանելու իրենց միջազգային պարտավորությունները:
Համանախագահները նաև շեշտում են, որ արտաքին կողմերի կողմից սրվող բռնություններին մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը:
Հիշեցնելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բովանդակային բանակցությունները՝ բարեխղճորեն և առանց նախապայմանների:
Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել՝ զոհված զինծառայողների աճյունների վերադարձի համար՝ ԵԱՀԿ-ի և ԿԽՄԿ-ի հետ համաձայնեցնելով»,-ասվում է հայտարարության մեջ։