Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
«Զոհրաբ Մնացականյանը Ժան Իվ Լը Դրիանին տեղեկացրեց Արցախում իրավիճակը լուսաբանող լրագրողների նպատակաուղղված թիրախավորման միջադեպերի, մասնավորապես իր գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձան Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակման արդյունքում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց արտատարածաշրջանային ուժերի ապակայունացնող գործունեության առնչությամբ` առանձնակի մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ կերպով ցուցաբերվող անվերապահ և միակողմանի ռազմական աջակցության առնչությամբ։ Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը ընդգծեցին հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության անթույլատրելիությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությանը, որը պարունակում է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց համանախագահների և համանախագահող երկրների դերակատարումը տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան