Լավրովն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր հեռախոսազրույցում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
«Մանրամասնորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը։ Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ներգրավման կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակն ու թուլացնել լարվածությունը, չհնչեցնել պրովոկացիոն ու ռազմատենչ հռետորաբանություն։
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
Նախարարները նշել են այն կարևոր դերը, որ տարածաշրջանի երկրները, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի հարևանները, կարող են խաղալ բանակցային սեղանի շուրջ կողմերի շուտափույթ վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան