Չեմ կարող լռել. իմ երկիրը ենթարկվում է հարձակման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից. Արոնյան
Հարգելի ընկերներ, ես գտնում եմ, որ պետք է հստակեցնեմ իմ դիրքորոշումը և կիսեմ իմ զգացմունքները ձեզ հետ: Տեսեք, առաջին անգամ է, որ ես որևէ բան եմ գրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում շատ ադրբեջանցի շախմատիստների, երաժիշտների, մարդկանց: Ես համոզված եմ, որ մենք ՝ մարզիկներս, պետք է միավորվենք և միավորենք ազգերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
«Պատճառը, որ ես չկարողացա լռել, այն է, որ իմ երկիրը ենթարկվում է հարձակման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Սա ինձ համար անհավատալի է, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ընդունեց 1915-1918թթ. Հայկական ցեղասպանության փաստը, որի ընթացքում սպանվեց մոտ մեկուկես միլիոն հայ: Օրինակ, սա նման է նրան, որ իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ 1960-ականներին կամ ավելի ուշ Գերմանիան զորքեր ուղարկեր Իսրայելի դեմ կռվելու, և Գերմանիայի նախագահը բարձրաձայն հայտարարեր, որ հրեական ժողովրդին պետք է դաս տալ: Սյուրռեալիստական չէ՞: Այսպիսով, նվազագույնը, որ ես կարող եմ անել նման իրավիճակում, իրազեկելն է և փորձելը՝ ամեն ինչով աջակցել իմ ժողովրդին։
Ես չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչպես է սկսվել մեր երկրների միջև թշնամանքի այդ զգացումը: 1980-ականների վերջին Սումգայիթում և Բաքվում հայ բնակչության ջարդեր կային, ինչը ստիպեց շուրջ 250 հազար հայերի թողնել ամեն ինչ և հարգված և հաջողակ մարդկանցից վերածվել փախստականների: Ցավոք, տեղի ունեցան նաև պատերազմական վայրագություններ։ Սա ինձ համար այդքան էլ կարևոր չէ: Ես մի բան գիտեմ, երբ Հայաստանի և Ադրբեջանի խելացի մարդիկ հանդիպում են, շատ ավելի շատ հարգանք կա, քան առցանց տիրույթում։
Եվ խնդրում եմ, մի՛ ասեք ինձ, որ ամեն բան չի կարող լուծվել բանակցությունների միջոցով: Յուրաքանչյուր երկխոսություն փոխադարձ հարգանքի կարիք ունի, որպեսզի այն չվերածվի երկու մենախոսությունների: Եթե դուք գալիս եք բանակցելու, բայց դիմացինին միայն ասում եք՝ հանձնվեք, լքեք ձեր ժողովրդին, դա ոչ թե բանակցություն է, այլ՝ շանտաժ:
Ես ահավոր տխրություն եմ զգում, երբ տեսնում եմ՝ զոհվել են երիտասարդ մարդիկ, որոնք նոր էին կյանք մտել: Նրանցից յուրաքանչյուրի հետ ինձ թվում է, թե ես էլ եմ մահացել։ Ես ցավ եմ զգում յուրաքանչյուր զինվորի, քաղաքացիական անձի ծնողի համար: Ես գիտեմ, որ ես հպարտություն եմ զգալու, եթե իմ ընկերները, իմ ապագա երեխաները և ես կարողանանք պաշտպանել մեր ազգը: Դա մեր պարտականությունն է... մենք մեր գոյության համար պարտական ենք հերոսներին, որոնք եղել են մեզնից առաջ և օգնել մեզ գոյատևել՝ որպես ազգ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտը
- «Մի՛ նեռվայնացրեք». Տարոն Սիմոնյանը՝ Ադրբեջանին
- Խնդրում եմ միանալ մեր արշավին և աջակցել մեր ժողովրդին. Լևոն Արոնյան