Կարմիր խաչ. Քաղաքացիական անձինք կրում են բռնության ուժգնության ծանրությունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրումը վատթարանում է, իսկ խաղաղ բնակիչները կրում են բռնությունների մեծ ալիքի ծանրությունը։
Հաղորդվում է շփման գծի երկու կողմերում, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական անձանց մահվան և վիրավորումների մասին, այդ թվում`երեխաների:
«Էսկալացիայի սկսվելուց ի վեր, ԿԽՄԿ-ն շտապ բժշկական պարագաներ է տրամադրել հիվանդանոցներին: Ներկայումս մենք փորձում ենք գնահատել առողջության հետ կապված և այլ հումանիտար կարիքները, ներառյալ իրենց տները լքածների վիճակը: Դաշտում տեղաշարժվելու մեր կարողությունը սահմանափակ է մարտերի ինտենսիվության և իրավիճակի անկայունության պատճառով», - ասում է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը:
Ասվում է, որ ԿԽՄԿ-ն ստացել է տեղեկություններ այն մարդկանց մասին, ովքեր փորձում են իրենք և իրենց ընտանիքները տեղափոխել անվտանգ վայր: Շատ այլ ընտանիքներ, ներառյալ նորածիններն ու փոքր երեխաները, օր ու գիշեր անցկացնում են իրենց շենքերի չջեռուցվող նկուղներում պատսպարվելով՝ փորձելով խուսափել բռնությունից:
Այս նոր ցնցումը տեղի է ունենում ձմռան սկզբին, երբ մարդիկ արդեն փորձում են պաշտպանել իրենց և իրենց ընտանիքները՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքներից:
«Մենք կողմերին կոչ ենք անում պաշտպանել խաղաղ բնակիչներին, գոյատևելու համար անհրաժեշտ հիմնական ենթակառուցվածքներն ու ծառայությունները և պահպանել միջազգային մարդասիրական օրենսդրությամբ սահմանված իրենց պարտավորությունները», - ասել է Ժնևում ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը:
ԿԽՄԿ-ն ծայրաստիճան անհանգստացած է, որ ներկայիս խառնաշփոթն ու տեղահանումը կարող են հանգեցնել COVID-19 դեպքերի ալիքի, քանի որ մարդիկ ժամեր շարունակ ապաստան են գտել ապաստարաններում կամ տեղավորվել են համայնքային շենքերում կամ անբավարար սանիտարական պայմաններով վայրերում:
Ավելին, այս էսկալացիան վնաս կհասցնի բնակչության հոգեկան առողջությանը, ովքեր արդեն ապրել են այս հակամարտության ազդեցությամբ գրեթե 30 տարի և այժմ լրացուցիչ մտահոգված են իրենց առողջությամբ և ապագայով COVID-19 համաճարակի պատճառով:
ԿԽՄԿ-ն տարածաշրջանում ներկա է 1992 թ.-ից`կատարելով հումանիտար աշխատանքներ` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին