Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին:
Վարչապետի աշխատակազմը տարածել է հոդվածը.
«Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմի շեմին են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: The Globe and Mail-ին տված բացառիկ հարցազրույցում պարոն Փաշինյանն ասաց, որ իր երկիրը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում» և որ այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, ինչպես Կանադան, արդ պետք է որոշեն, թե իրենք որ կողմում են:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիան քաջալերում է Ադրբեջանի փորձը՝ լայնածավալ պատերազմի միջոցով վերադարձնելու Լեռնային Ղարաբաղըՙ գերազանցապես հայերով բնակեցված տարածքը, որը 1990-ականների սկզբին տեղի ունեցած արյունալի պատերազմից ի վեր գտնվում է տեղի էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ: Նա ասաց, որ Թուրքիան սիրիական վարձկաններ է ուղարկել ադրբեջանական կողմին օգնելու համար. պնդում, որը հաստատում են նաև Ռուսաստանը և Ֆրանսիան: Պարոն Փաշինյանը հավելեց, որ նաև թուրքական օդուժն է հարձակվել հայկական դիրքերի վրա:
«Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին», - Հայաստանի մայրաքաղաք Երևանից հեռախոսազանգով ասաց պրն. Փաշինյանը: «Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերըՙ սպանելով խաղաղ բնակչությանը»:
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնեց, որ վերջինս հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ երկուսն էլ «կիսում են Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հետ կապված մտահոգությունը»:
Պարոն Փաշինյանը նաև կոչ արեց արևմտյան երկրներին վերանայել Թուրքիային զենք վաճառելու պայմանավորվածություններն այն բանից հետո, երբ The Globe-ը հայտնեց, որ Բեռլինգտոնի, L3Harris Wescam–ի արտադրած պատկերագրման և թիրախավորման համակարգերը, որոնք վաճառվել են Թուրքիային, Ադրբեջանն օգտագործում է պատերազմական այս վերջին գործողություններում:
Նա ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունում Թուրքիայի դերը պետք է դիտարկել սիրիական և լիբիական հակամարտություններում նրա ներգրավվածության, ինչպես նաև Միջերկրականում ծովային սահմանների առնչությամբ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի որդեգրած «ագրեսիվ» դիրքորոշման համատեքստում:
Պարոն Փաշինյանն ասաց, որ իր կառավարությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի հետ և հավելեց, որ Թուրքիայի պահվածքը խնդիրներ է ստեղծում ամբողջ միջազգային հանրության համար:
Հինգշաբթի օրը Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և բարեխղճորեն և առանց նախապայմանների պարտավորվել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները: Սակայն հրադադարի ռեժիմի վերականգնման կոչը մերժվեց Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի կողմից:
Պարոն Փաշինյանն ասաց, որ ինքը ողջունում է հրադադարի կոչը և դատապարտում է Թուրքիայի կողմից դրա մերժումը:
«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը հիմա առաջարկել անպաշտպան թողնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը ահաբեկիչներին և ծայրահեղականներին դեմ հանդիման: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:
Պարոն Փաշինյանն Էրդողանին նկարագրեց որպես առաջնորդ, որը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց իր հայ ազգաբնակչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ջարդերի և տեղահանությունների միջոցով: «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան