«Հրապարակ». Վաղ առավոտից քաղաքն իր բնականոն հունի մեջ է, դպրոցները, մանկապարտեզներն աշխատում են. Աբովյանի քաղաքապետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին Աբովյանի երկնակամարում հայտնված 4 ԱԹՍ-ները լուրջ խուճապ էին առաջացրել քաղաքում և մոտակա բնակավայրերի բնակչության շրջանում։ Առաջին պահին մեր թղթակցի զանգին ի պատասխան՝ Աբովյանի քաղաքապետն ասել էր, թե չգիտեն ինչ է կատարվում՝ «տարհանում են բնակչությանը»։ Հետո ուշքի էր եկել, զանգել, հերքում էր տարհանման փաստը։
Երեկ հետաքրքրվեցինք Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանից, թե մեր ՀՕՊ համակարգի խոցած ԱԹՍ-ները որտեղ են ընկել, որևէ վնաս հասցրե՞լ են որևէ բնակավայրի կամ բնակչությանը։ «Համենայնդեպս, Աբովյան քաղաքում չի ընկել, վստահ կարող եմ ասել։ Աբովյանի հարակից տարածքներում է ընկել»,- ասաց նա։
Հարցին՝ մե՞կ ԱԹՍ է ընկել այդ տարածքում, թե՞ մի քանիսը, Գևորգյանն ասաց, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Կոտայքի մարզում մեկն է եղել, երեքը Գեղարքունիքում են եղել։ «Բայց այդ մեկը, որն ընկել է, 100 տոկոս բնակելի հատվածում չի ընկել։ Երեկ գիշերը մինչև ժամը 3-4-ը բոլոր տեղերից ճշտել ենք՝ քաղաքում հաստատ չի ընկել»։
Մեր տեղեկություններով՝ Ֆանտան գյուղի մոտակայքում է ընկել։ Գևորգյանը չբացառեց․ «Հա, ասում են։ Տարբեր նման տեղեկություններ կան՝ Ջրաբերի, Ֆանտանի, Կապուտանի հատվածում»։ Անդրադառնալով Աբովյանում տիրող իրավիճակին և հարցին, թե արդյոք քաղաքում խուճապային տրամադրություններ կա՞ն, քաղաքապետն ասաց․ «Չէ, վաղ առավոտից քաղաքն իր բնականոն հունի մեջ է, դպրոցները, մանկապարտեզներն աշխատում են, խուճապային որևիցե բան չկա։ Իսկ երեկվա անհանգստությունն էլ բնական է, էդպես պիտի լիներ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում