«1000 դրամների» հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 50 մլն դոլար. Վարուժան Ավետիքյան
«Այս 4 տարիների ընթացքում «1000 դրամների» հիմնադրամին հավաքվել է ավելի քան 50 մլն դոլար»,-իր ֆեյսբուքյան ուղիղ կապով ասել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Նրա խոսքով, այդ գումարներն ուղղվում են միայն հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած կամ զոհված զինծառայողներին և յուրաքնաչյուր զոհված զինծառայողի ընտանիքին վճարվում են 120-170 հազար դոլար: Ավետիքյանը հայտնեց, որ այդ գումարը միայն այդ նպատակի համար է ծախսվում և նույնիսկ ինքը և հիմնադրամի անձնակազմը այդտեղից աշխատավարձ չեն ստանում::
«Սա այն պահը չէ, որ պետք է հապաղել, կամ կասկածել: Հայրենիքի մեջ օրհասական պատերազմ ենք մղում, Արցախի սահմանները վտանգի տակ են և մեր տղաները իրենց ամբողջ ջանքը կներդնեն, որ պաշտպանեն մեր սահմանները, մենք չենք կարող Արցախը կորցնել և չպետք է կորցնել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ միանա այս դրամահավաքին և վճարումներ կատարի, ինչքան, որ կարողանա»,- ասել է նա:
Վարուժան Ավետիքյանը նկատեց, որ փոքր գումար չկա, ցանկացած չափն էլ ընդունելի է և ցանկացողները կարող են այն քարտով կամ բանկային փոխանցումով անել, որից հետո անմիջապես կարող են հիմնադրամի կայքում տեսնել իրենք անունը և հետևեն գումարի ծախսման ընթացքին: