Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունի ազդելու տարածաշրջանում և ինչու չէ՝ նաև Թուրքիայի վրա. Աշոտ Ղուլյան
«Ռուսաստանը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի ազդելու տարածաշրջանում և ինչու չէ՝ նաև Թուրքիայի վրա խաղաղությունը պարտադրելու համար, և, բնականաբար, մեր սպասելիքներն առաջիկա օրերին հենց այդ ուղղությամբ են լինելու»,- «Արցախ» տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նա նաև նկատեց, որ ՌԴ-ն մի քանի անգամ շեշտել է՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր, իր գործողությունները փորձում է տեղավորել այդ միջազգային միջնորդի պարտավորությունների շրջանակում:
Նրա խոսքով, նախորդ բոլոր տարիներին Արցախի ղեկավարությունն անընդհատ շեշտել է, որ Ադրբեջանը նախորդ բոլոր քաղաքական պայմանավորվածություններից, միջազգային պարտավորություններից իրեն դուրս է տեսնում:
Ղուլյանը հիշեցրեց, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին միաժամանակ են ընդունել, քանի որ նրանք արցախյան խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն են վերցրել:
«Այսօր այդ երկիրը շարունակում է մնալ ԵԽ անդամ՝ խախտելով իր ստանձնած պարտավորությունները»,- հայտարարեց ԱՀ ԱԺ նախկին նախագահը:
Նրա խոսքով, այսօր էլ, եթե միջազգային ճնշումների տակ Ադրբեջանը և Թուրքիան ինչ-որ բան ստորագրեն, այն չի նշանակի, որ իրենք անվերապահորեն կկատարեն պայմանավորվածությունները, քանի որ գործ ունենք անվստահելի քաղաքական պարտնյորների հետ:
«Նախորդ բոլոր ժամանակահատվածներում Ադրբեջանը իրեն պահեց որպես ոչ վստահելի բանակցային պարտնյոր»,- հայտնեց Աշոտ Ղուլյանը և փաստեց, որ վերջինս մի կողմից քարոզում էր առարկայական բանակցություններ, բայց մյուս կողմից պատրաստվում այսպիսի լայնածավալ ռազմական գործողությունների: Այդ ամենից նա եզրակացնում է, որ ադրբեջանցիները պարզապես ժամանակ էին շահում բոլորովին այլ ակտիվ գործողությունների պատրաստվելու համար, որը շատ մեծ վտանգի տակ է դրել Արցախի հանրապետության բնակչությանը:
ԱՀ ԱԺ նախկին նախագահի խոսքով, Ադրբեջանը կրկնօրինակում է Թուրքիայի դիրքորոշումը, ըստ որի, Ադրբեջանի և Թուրքիայի համար կարող է լինել մեկ ազգ՝ երկու պետություն, իսկ մնացածի համար այդ թեման փակ պետք է լինի, ինչը ֆաշիստական գործելաոճ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան