Արցախի Հանրապետության նախագահի կոչը հայ մարտիկներին ռազմաճակատ մեկնելուց առաջ
Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ:
Դիմելով նրանց՝ Արցախի Հանրապետության նախագան ասել է.
«Հայրենակիցներ, գիտակցում ենք պատմական պահը: Այսօր վճռվում է մեր ապագան՝ այս երկրում ապրելու մեր իրավունքը: Հարյուրամյակների, հազարամյակների մեր պապերի կատարած սխրագործության շարունակությունը մենք պետք է ձեզ հետ միասին կատարենք այսօր: Ես ուզում եմ գիտակցենք պահեը: Մենք հարյուրամյակների, հազարամյակների ամենաճակատագրական ժամանակահատվածն ենք ապրում: Ժողովուրդ, հայրենիք ունենալու ու չունենալու օրհասական ժամանակահատվածում ենք ապրում:
Մենք պետք է գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրից է կախված ոչ միայն Արցախի, Հայաստան ու հայ ազգի ապագան, այլ թե ինչքանով ենք մենք կոչվելու ազգ, ինչքանով ենք մենք իրավունք ունենալու այս մոլորակի վրա շարունակելու որպես հայ մնալ, ազգ մնալ, երկիր ունենալ:
Բայց ես ուզում եմ որ բոլորդ կատարեք Ձեր ծառայությունը և շարունակեք ապրել այս հայրենիքում: Որպես հայրենի զավակներ, ուզում եմ, որ բոլորդ կատարելով ձեր մարտական գործողությունները, առաջադրանքները, առանց կորստի շարունակենք:
Համոզված եղեք, մենք հաղթելու ենք, մենք ավելի ծանր ժամանակահատված ենք ապրել 90 թվականին: Երբ կորցրել էինք Արցախի տարածքի մեծ մասը, երբ հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտի, Մարտունու, Ասկերանի, Կարմիր շուկայի, Գանձասարի մատույցներում: Մեզ հաջողվել է այն ժամանակ, հաջողվելու է նաև այսօր: Ոչ միայն դիմակայելու ենք, այլ հաղթանակելու ենք: Ոչ միայն հաղթել ենք, այլ ազատ երկիր ունենալու իրավունք ենք վաստակել: Այդ ազատ երկրում մեր երեխաների իրավունքն է, ճակատագիրն է այսօր որոշվում: Ուրեմն սթափ և ամենակարևորը՝ առողջ դատենք և իմանանք, որ մենք ունենք առաքելություն մեր երկրի, մեր ազգի մեր սերունդների առջև:
Ուզում եմ ասել, ձեզ բոլորիդ շատ սիրում, հարգում եմ։
Ժամեր առաջ ես հանդիպել եմ եզդիների մեր եղբայրների մի մեծ խմբի, որոնք նույնպես այսօր գտնվում են առաջնագծում և մեզ հետ միասին պաշտպանում են հող հայրենին, և նաև միջազգային հանրությունն է այսօր համախմբվել և գիտակցում է այն մեծ չարիքը, որ սկիզբ է առել այս մի քանի օրերին, մեր տարածաշրջանում: Համաշխարհային մեծ վտանգը, տարածաշրջանային մեծ վտանգը:
Հաջողություն բոլորիդ: Ես էլ եմ լինելու ձեզ հետ միասին, ոչ մեկդ չկասկածի, հանուն Հայրենիքի, Հանուն մեր ապագայի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա