Ժամանակավոր զինադադարի առաջարկ մենք չենք ստացել. Արցախի ԱԳ նախարար
«Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում, այսինքն՝ Թուրքիայի ձեռքին է, հիմնական աշխատանքը կաարում է Թուրքիայի հետ»,- ասուլիսում ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։
Նրա կարծիքով, իրենք առնվազն պետք է վերականգնեն առաջնագիծը, և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։
«Ընդհանրապես պետք է վերականգնվի 1994-ի այն գիծը, որ հաստատվել էր և համաձայնեցվել էր կողմերի միջև։ Այդ շփման գիծը պետք է ձգտենք վերականգնել, որ որևէ գայթակղություն չլինի Ադրբեջանին և Թուրքիային նոր պատերազմ սկսելու համար»,- ասաց Մ.Մայիլյանը։
Նա նշեց, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրում, ՌԴ ԱԳ նախարարությունը մշտապես կապի մեջ է ՀՀ ԱԳ նախարարի հետ, երեք անգամ հեռախոսազրույց է եղել Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի միջև, կա ԵԱՀԿ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը։
«Այն ժամանակվա իրենց ջանքերը հաջողությամբ են ավարտվել։ Հիմա էլ իրենց հնարավորությունները պակաս չեն, բայց ունենք նոր գործոն՝ Թուրքիայի գործոնը։
Եթե Ռուսաստանն ավելի հեշտ կարող էր համոզել Ադրբեջանին՝ համաձայնության գնալ խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար խնդիր է դրված՝ համոզել Էրդողանին, հիմա ավելի խոշոր խաղացող է հայտնվել Հարավային Կովկասում և այս հանգամանքը պետք է հաշվի առնենք»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը։
Նրա կարծիքով, ուժը հայկական կողմում է, անպայման կարողանալու են զսպել Ադրբեջանին և Թուրքիային։
«Արցախի բանակը կամավորների, ազատամարտիկների հետ պարտադրում են Ադրբեջանին խաղաղություն, բայց լավ կլինի նաև, որ մենք դիվանագիտական ճանապարհով ինչքան հնարավոր է շուտ համոզենք ագրեսորներին կանգնեցնել իրենց գործողությունները»,- նշեց նա։
Մ.Մայիլյանի խոսքով, խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ «Մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում։ Երկրորդ ձևը, եթե խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, միջազգային տարբեր գործիքակազմ կա՝ սկսած համոզելու տարբերակներից, նաև սանկցիաների տարբերակը։ Կարծում եմ՝ հիմա միջազգային հանրությունը գտնվում է դեռ առաջին փուլում, պետք է կատարվեն հաջորդ քայլերը մինչև չհասնենք տարածաշրջանում խաղաղության»։
Ինչ վերաբերում է ժամանակավոր զինադադարին, Արցախի ԱԳ նախարարն ասաց, որ նման առաջարկ իրենք չենք ստացել։
«Ով սկսել է այդ պատերազմը, ռազմական ագրեսիան, իրենք պետք է առաջինը կանգ առնեն»,- ասաց Մ.Մայիլյանը։
Նա չի կասկածում է, որ «այս պատերազմում հաղթելու ենք»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Մայիլյան
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
- ԱԳՆ. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու
- Թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած. Արցախի նախագահ
- Խոսնակ. Քիչ հետո Արցախի նախագահն անձամբ իր էջով կներկայացնի իրավիճակը
- Արցախի ԱԳՆ. Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը
- Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
- Ի՞նչ անել և որտեղ պատսպարվել «օդային տագնապ» ազդանշանի ժամանակ
- Պուտինն ու Փաշինյանը մտահոգված են օտարերկրյա գրոհայիններով
- Բոլոր մայրցամաքները ներկայացնող երկրների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանի ագրեսիան. Մասիս Մայիլյան
- Բացահայտվել է «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան