Հայաստան-Ալբանիա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է. «Հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հանդիպման փորձը, ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշում է կայացրել թույլատրել երկրպագուների մասնակի վերադարձը (մարզադաշտի տարողունակության մինչև 30%-ը) ֆուտբոլային հանդիպումներին:
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ 8-ամսյա բացակայությունից հետո երկրպագուները կարող են մարզադաշտ վերադառնալ՝ սկսած արդեն հաջորդ շաբաթ կայանալիք ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի հանդիպումներից: Նշվում է, որ որոշումը կարող է ուժի մեջ մտնել միմիայն տեղական իշխանության և ինքնակառավարման մարմինների թույլտվությունից հետո:
Չնայած ՈՒԵՖԱ-ի Գործկոմի կողմից կայացված որոշմանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները, Հայաստան-Ալբանիա հանդիպումը կանցկացվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ առանց հանդիսականների։ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպման վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան