Ադրբեջանը վերջին անհաջող ճիգերն է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին լուծելու փորձի համար. Աշոտ Ղուլյան
«Այն, ինչ Ադրբեջանն է այսօր անում միջազգային ահաբեկչական խմբավորումների ուժերին ապավինելով, ցույց է տալիս, որ նա վերջին անհաջող ճիգերն է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին լուծելու փորձի համար»,- «Արցախ» տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նա հայտարարեց` չի կարելի ասել, որ Արցախում չէին սպասում պատերազmին, բայց միշտ էլ մի ներքին ձայն հուշել էր, որ երևի Ադրբեջանը ինչ-որ տեղ դասեր պետք է քաղած լիներ 90-ականների և ապրիլյան պատերազմներից:
«Սակայն պարզվել է, որ ոչ միայն դասեր չեն քաղել, այլ հնարավոր բոլոր միջոցներով պատրաստվել են անմարդկային գործողությունների»,- հայտարարեց ԱՀ ԱԺ նախկին նախագահը:
Նրա խոսքով, կան բոլոր նախանշաններ, որ Ադրբեջանը երկար տարիներ նախապատրաստվել է լայնամասշտաբ պատերազմական գործողություներին
«Մենք մտածում էինք, որ մեր դեմ լինելու է միայն Ադրբեջանը՝ իր բոլոր քաղաքական ռազմական և տնտեսական հնարավորություններով և մենք պատրաստ էինք դրան»,- հայտնեց Ղուլյանը և նկատեց, որ Ադրբեջանը դասեր էր քաղել և միայն իր ուժերին վստահ չլինելով և սկսել էր քայլեր ձեռնարկել Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբերի աջակցությունը ստանալու համար:
Նրա խոսքով, ներկայում Արցախում մի ռազմական թատերաբեմ է, որը ամեն րոպե կարող է վերածվել, ոչ միան տարածաշրջանի, այլ ավելի մեծ հակամարտության:
Աշոտ Ղուլյանը վստահաբար հայտնեց, որ Ադրբեջանին ոչինչ չի հաջողի, քանի որ Արցախի շուրջ համախմբվել են ոչ միայն աշխարհի հայությունը այլ նաև բոլոր միջազգային կառույցները, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում միջազգային անվտանգություն:
«Վերջին երկու օրերին մենք տեսնում ենք, որ աշխարհը ուրիշ ձևով է նայում դրան, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ից հետո, իմ կարծիքով դրա պատճառն այն է, որ որոշակի տվյալներ են հայտնվել և ռուսական և ֆրանսիական ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- շեշտեց Ղուլյանը՝ նկատի ունենալով միջազգային ահաբեկիչների ներկայությունը Արցախում:
Ըստ նրա, բոլորի համար հասկանալի է, որ այստեղ միայն Ղարաբաղի հարցը չէ, այլ Մերձավոր Արևելքի նոր, անվերջ ծխացող օջախ դարձնելու խնդիր է, որի մեջ թուրքական ձեռագիրն է, իսկ Ադրբեջանը կամակատար է:
ԱԺ նախկին նախագահը նկատեց, որ Մինսկի համանախագահների համարձակ հայտարարություններն այս պահին բավարար չեն ռազմական գործողությունները դադարեցնելու համար, պետք է կոնկրետ քայլեր արվեն: Նա չի կասկածում, որ դրանք արվում են, բայց շատ կարևոր է, որ հասարակություն էլ դա զգա: