Ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կաճեն մոտ 40 մլրդ դրամի չափով
Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ 2020 թվականի հոկտեմբերի 6-ի վերջին հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով սահմանվում է, որ Կառավարությունը ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` Հայաստանի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է ՀՀ կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը:
«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն ուղղված է Հայաստանի զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանում ռազմական դրության հայտարարումը և համաճարակը անխուսափելիորեն բերելու են տնտեսության անկման: Սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների և ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց:
Կառավարությունը հայտնում է, որ տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետևաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաև հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում, սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով: Կառավարությունը իր օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ գրել է, որ ռազմական գործողություններով պայմանավորված սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:
Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, կառավարությունը առաջարկում է հաստատված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով նախատեսված սահմանաչափերը:
Օրենքում առաջարկվում է լրացնել նոր կետ, որում ասվում է. « ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ապահովելու նպատակներով փոփոխություններ կատարել օրենքի N 1 և N 3 հավելվածներում, այդ թվում, բայց չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, նշված, ինչպես նաև օրենքով նախատեսված եկամուտների հաշվին օրենքով նախատեսված բյուջետային ծախսերը և ելքերն ավելացնելու, օրենքով չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու, օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարն ավելացնելու եղանակներով:
Ընդ որում՝ սույն կետով նախատեսված նպատակներով իրականացվող բյուջետային ելքերի ֆինանսավորման համար, ըստ անհրաժեշտության, դրանց ֆինանսավորմանն ուղղել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) և պետական արժեթղթերի (այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի) իրացումից ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2020 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները և պետական պարտատոմսերի տեղաբաշխումից զուտ մուտքերը, ինչպես նաև 2020 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարները»:
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմամբ կառավարությունը ակնկալում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով մինչև անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները: