Կանադացիների նամակը Ջասթին Թրյուդոյին` ճանաչել Արցախը
Այսօր առավոտյան կանադահայերը և մի շարք հայտնի կանադացիներ նամակով դիմել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ կապված Հայաստանի դեմ սանձազերծած Ադրբեջանի պատերազմին, որին աջակցում է Թուրքիան։ Նամակում, որը տարածել է դերասանուհի Արսինե Խանջյանը, ասվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայից կողմից աջակցությամբ, սկսեց լայնածավալ ռազմական հարձակումը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հաղորդվում է, որ այժմ Թուրքիան անմիջական ռազմական մասնակցություն ունի այս հակամարտությունում և դրանից հետո գործի է դրել սիրիացի և լիբիացի վարձկաններին:
«Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտությանը և Ադրբեջանին բացահայտ աջակցությունը սրում են իրավիճակը և կարող են վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար: Չնայած միջազգային հանրության կողմից բազմիցս հնչեցրած կոչերին, Թուրքիան՝ Ադրբեջանի դաշնակիցը, մերժել է հրադադարի ռեժիմի պահանջները: Նախագահ Մակրոնի մեղադրանքն այն մասին, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստներին ուղարկում է Լեռնային Ղարաբաղ պատերազմելու, մեծ մտահոգության տեղիք է տալիս, ևս մեկ անգամ ավելի լայն հետևանքներ ունենալով տարածաշրջանի համար՝ Թուրքիայի հեգեմոն տարածքային նպատակների տեսանկյունից»,-ասվում է նամակում։
Նշվում է, որ այս պատերազմի հետևանքները դուրս են գալիս նրա շրջանակներից, քանի որ էթնիկական զտումներն ու ցեղասպանությունը իրական սպառնալիք են այս տարածաշրջանի հայերի համար: Տարածաշրջանում ցեղասպանության և էթնիկական զտումների վախերը մեծանում են անցյալ հանցագործությունների համար Թուրքիայի անպատժելիության պատճառով:
Ինչպես ասել է գիտնական Քրիստոֆ Բենեդիկտերը, «... եթե պատերազմը թույլատրվի տարածաշրջանի մեծ տերությունների կողմից, դա կհանգեցնի զանգվածային վայրագությունների և հնարավոր ցեղասպանության Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ»:
«Աշխարհում խաղաղության հաստատման հանձնառությամբ Կանադան բացառիկ դիրքորոշում ունի դատապարտելու խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա կատարված հարձակումները, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտումներ են ներկայացնում:
Որպես կանադացիներ՝ մենք կարծում ենք, որ Կանադան եզակի հնարավորություն ունի կոչ անել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային՝ անմիջապես դադարեցնել իր ներգրավվածությունը հակամարտության մեջ և պնդել, որ կողմերը վերականգնեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցային լուծման խաղաղ ջանքերին: Մենք Կանադային կոչ ենք անում ճանաչել ինքնորոշման ամրագրված իրավունքները՝ ամրագրված 1975 թ. Հելսինկիի եզրափակիչ ակտում և օգտագործելու Կանադայի հեղինակությունը`որպես խաղաղարար, տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար՝ կոչ անելով Թուրքիային անմիջապես դադարեցնել իր մասնակցությունը մարտերում և խրախուսել վերադառնալ խաղաղ բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագահների գործընթացի միջոցով»,-ասվում է նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան