Եվգենի Կիսին. «Քեզ հետ եմ, Հայաստան»
Հանրահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, որի կատարումները երաժշտասեր հայ հասարակությունը բազմիցս վայելել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հրավերով, իր աջակցությունն է հայտնել մեր երկրին: «Ինստագրամի» իր էջում երաժիշտը գրել է. «Քեզ հետ եմ, Հայաստան»: Նա հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկը»:
Տարիներ առաջ Կիսինը The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հրաժարվում է համերգներով հանդես գալ Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն:
«Ես հավատում եմ, երբ մարդիկ նման պետություններում իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են համերգներ ունենալ, քանի որ նրանց դուր չի գալիս այն, ինչ անում են այդ երկրների ղեկավարները, դա մտավորականներին ավելի գիտակից կդարձնի»,- ասել էր Կիսինը:
««Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ բազմիզս արձագանքել են հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին միջազգային մակարդակում՝ հավուր պատշաճի ներկայացնելով մշակութային դիվանագիտության փափուկ ուժը:
Այս դժվարին պահին ևս մեկ անգամ հանրահռչակ երաժիշտներն իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին: Աշխարհի ամենահզոր ներուժը արվեստն է, մշակույթը, մշակութային հաղորդագրությունները հասկանալի են բոլոր լեզուներով և հոգևոր արժեքները կապում են բոլոր մարդկանց»,- նշում են փառատոնից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք և ձեր ձայնը տվեք Արցախին. Լյուբով Կազարնովսկայա
- Տիգրան Մանսուրյան. Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք
- Բանաստեղծ Սոկրատ Խանյանը՝ ապաստարանից. «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»
- Սաթի Սպիվակովա. Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը