Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան նամակ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմել է ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփին, Էմանուել Մակրոնին և Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով Արցախի ճանաչումը դիտարկել ռազմական գործողությունների դադարեցման արդյունավետ ճանապարհ։
«Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը, քննարկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան, ընդունել է դիմում՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը որպես Արցախում պատերազմի դադարեցման արդյունավետ միջոց»։
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան վերահաստատում է 2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո 2016 թ. ապրիլի 8-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին, Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումում, ինչպես նաև 2014 թ մարտի 31-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևի՝ էքսպանսիոնիստական հայտարարությունների կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակում բերված փաստերը, խորին մտահոգություն է հայտնում Արցախի դեմ ընթացող ռազմական գործողություններում Թուրքիայից բերված ահաբեկիչների՝ Ալ-Քաիդայի վարձկանների մասնակցության փաստի առնչությամբ։
Անհրաժեշտ ենք համարում ամրագրել, որ Թուրքիայում և Ադրբեջանում իշխող տոտալիտար/ավտորիտար վարչակարգերը «Իսլամական պետության» ծայրահեղականների օգտագործմամբ ցեղասպանական պատերազմ են վարում ժողովրդավարական պետություններ Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ։
Բարձր գնահատելով ս.թ. հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարությունը, և ընդգծելով 1991 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման գործընթացի օրինապատշաճությունը և համապատասխանությունը միջազգային իրավունքին ու այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, առաջարկում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո Նախագահներին դիտարկել Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը որպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության կրկնման նպատակ հետապնդող ագրեսիվ ռազմական գործողությունների դադարեցման արդյունավետ ճանապարհ»։
Հարակից հրապարակումներ`
- Շարունակելու ենք այլ, և եթե անհրաժեշտություն լինի, ավելի մեծ քաղաքների խփել. Արցախի նախագահ
- ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 3 ինքնաթիռ, 2 տանկ. ՊՆ խոսնակ
- Ադրբեջանը խաղաղ բնակավայրերը, Ստեփանակերտը թիրախավորել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան